Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
«1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա եւ ճանչցա զայն իր բնակարանին մեջ՝ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծն իր զվարթ ու խնդուն բնավորութեամբ լավ տպավորութիւն եւ անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցութեամբ մտերիմներ ու բարեկամներ էինք:
Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու ու հարգելու:
Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ եւ այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայութիւն մը կատարելու: Վրեժխնդրութիւն, քեն, ատելութիւն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն:
Բյուրեղի պես մաքուր ու պարզ էր իր սիրտն ու հոգին, մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ մըն էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագոյն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլեւ կհարգվեր ու կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ ու թաթար ժողովուրդների կողմից։
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանեան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորութիւններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծն իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, իր երկու աղջիկներուն հետ եկավ Էջմիածինի վանքի, Իգդիրի ու Երևանի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու․․․»