Հովհաննես Թումանյանը մամուլի հանդեպ լուրջ վերապահություն ուներ, թեև ինքն աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկ», «Հորիզոն» պարբերականներին:
Ի դեպ, իր առաջին հոդվածը մամուլում տպագրել է 18 տարեկանում («Նոր-Դար», 1887, «Մի ավանդություն»):
Ի՞նչը մամուլում հատկապես չէր գոհացնում Թումանյանին. «Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից։ Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։ Տարիներով կարդացել է՝ ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչու՞ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը» («Մեր մամուլն ու իր ընթերցողը», «Հորիզոն», Թիֆլիս, 1910, N-223):
Ժամանակակիցների հուշերը, ինչ խոսք, Թումանյանին բացահայտելու առումով չափազանց կարևոր են, սակայն նրան ճանաչելու առումով ուղղակի հաճույք է ընթերցել նրա հրապարակումները մամուլում: Ընդ որում, ոչ միայն հրապարակախոսությունը կամ գրական գործերը:
Հետաքրքիր է Թումանյանի արձագանքը հասարակական տարբեր երևույթներին: Մասնավորապես, մանկավարժ Նիկողայող Տեր-Ղևոնդյանի կողմից իր «Շունն ու կատուն» «սրբագրելուն, սիրունացնելուն».
«Դասագիրք կազմող պ. Ն. Տեր-Ղևոնդյանը «Մշակի» N 274-ում պատասխանում է իմ բողոքին, թե իր երկրորդ տարվա դասագրքում փոփոխելով իմ «Շունն ու կատուն» մի մազաչափ անգամ չէ վնասել, միայն ավելորդ տողերն է դուրս ձգել, վանկերն է շտկել և ռամկական բառերն ու ոճերն է փոփոխել… Նախ` ես կարծում եմ հենց այն էլ անարդարություն է արդեն, որ կարող է նա-դասագիրք կազմողը-օգտվել, շահ ստանալ հեղինակի գործից առանց մասնակից անելու գրվածքի տիրոջը, թե ինչ օրենքի անունով ուզում է այդ կատարվի:
…Քեռի Քուչին… ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց:
«Ծանր ու մեծ»-ը ոճ է, որ նշանակում է важно.
Սիրունացնող պ. Տեր-Ղևոնդյանը այդ ոճը գտել է ռամկական, փոխել է, շինել.
Քեռի Քուչին…քայլերը մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց:
Եվ այսպես ուրիշ ոճեր ու տողեր, որ փոփոխել կամ դուրս է ձգել ոտանավորից, անխիղճ կերպով «սիրունացրել» և տակը դրել… իմ անունը: Ես բողոքում եմ, և նա, գիտե՞ք, ինչ է ասում. «Պ. Հովհաննես Թումանյանի հրամանը ես ինձ համար պարտավորեցուցիչ չեմ համարում. դասագիրք կազմողների արտոնությունները պարոնի կարծածից շա~տ ավելի ընդարձակ են»: Մարդ մնում է ապշած» («Պ. Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու կատուն», Թիֆլիս, «Մշակ», 1904, N 278):
Ամբողջությամբ՝ media.am