Լիլիթ Բլեյան. «Օրհներգը խորհրդանիշ է՝ խորհրդանշում է մի ժամանակաշրջան, երբ բազմադարյա անորոշությունից հետո վերջապես հանկարծ հստակ գծվեց մեր պետությունն աշխարհի քարտեզի վրա»
Advertisement 1000 x 90

Լիլիթ Բլեյան. «Օրհներգը խորհրդանիշ է՝ խորհրդանշում է մի ժամանակաշրջան, երբ բազմադարյա անորոշությունից հետո վերջապես հանկարծ հստակ գծվեց մեր պետությունն աշխարհի քարտեզի վրա»

Մեր օրհներգի մասին շատ եմ մտածել, հատկապես երբ սկսեցի հայերեն երգերում առկա բառային ու երաժշտական շեշտերի անհամաձայնություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրել։ «Մեր հայրենիքը» էդ առումով անհամաչափության օրինակ է՝ բառերի շեշտերն անընդհատ բախվում են այլ ռիթմ ունեցող մեղեդուն, ու էդտեղ մեր ականջը բնականորեն «նեղվում է»։ Կան այլ հարցեր էլ՝ կապված մեղեդու ծագման, տեքստի սկզբնական իմաստի հետ և այլն։

Բայց։

Արդյո՞ք դա պիտի պատճառ հանդիսանա՝ այսօր օրհներգը փոխելու։

Օրհներգը խորհրդանիշ է՝ խորհրդանշում է մի ժամանակաշրջան, երբ բազմադարյա անորոշությունից հետո վերջապես հանկարծ հստակ գծվեց մեր պետությունն աշխարհի քարտեզի վրա, ու սկսվեց մեր երկրի նոր կյանքը։ Խաչատրյանի հեղինակած օրհներգը մեր երկրի ա՛յլ փուլի արտացոլումն էր՝ հիմնված բավականին արհեստական տեքստի վրա (ի դեպ՝ բազմաթիվ ռիթմիկ անհարթություններով ։)), պետության պատվերն էր՝ պետություն, որն, այնուամենայնիվ, էլի՛ ժառանգորդն էր առաջին հանրապետության։

Մենք էլ ժառանգորդն ենք այդ երկուսի, ու եթե երրորդ հանրապետությունն ի սկզբանե չընտրեց իր համար նոր օրհներգ, ու վերցրեց առաջինը, ապա ի՞նչ է փոխվել հիմա։ Չորրորդ հանրապետությո՞ւն է ծնվել։ Արցախյան հա՞րցն է լուծվել ու մեր կյանքում կայուն խաղաղությու՞ն է հաստատվել։ Եվրամիությու՞ն ենք մտել, կամ գուցե Ռուսաստանի՞ն ենք միացել։ Ի՞նչ ցնցող բան է հանկարծ կատարվել։

Այո, կան երգեր, որոնք գուցե ավելի բարեհունչ են՝ անձամբ իմ կամ մյուսի համար, բայց երգի՞ մասին ենք մենք հիմա խոսում։

Օրհներգի փոփոխություն կարող է հասունանալ միայն բնականորեն։ Գուցե այդ ողջ ռիթմիկ անհամաչափությունը հենց իր մեջ կրում է այն ներքին անհարթությունը, որ մենք ունենք՝ դեռևս ինքներս մեզ փնտրելով, դեռևս չհասկանալով, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում։ Այդ անհարթ ու դժվար ճանապարհը մեր օրհներգի մեջ պարզ լսվում է, ու քանի դեռ, ներեցեք, մենք չենք գտել, քանի դեռ, ներեցեք, փնտրում ենք ու հարցեր ենք տալիս ինքներս մեզ, այս օրհներգը մեր մասին է։

Երբ հանկարծ փոխվի շրջանը, ու մենք զգանք, որ ա՛յ, հասել ենք, ա՛յ, պահն է, այդ ժամանակ նոր օրհներգը կծնվի ու մեզ կգտնի։ Գուցե դա կլինի խաղաղության ու երջանկության օրհներգ, ինչպես «Անդաստանը», արդարության ու բարեկեցության, այլ ոչ՝ հավերժ պայքարի ու ցավի, բայց ինչ էլ որ լինի, դա կլինի բնականորեն։

Երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր