Սիրելի հայրենակիցներ։ Այս օրերին լրանում է ողջ հայության համար կարեւորագույն եւ ամենավողբերգական տարելիցը՝ բայց դա ապրիլի 24-ին նշվող Մեծ Եղեռնի օրը չէ։ Մեկ դար շարունակ մեր ազգի ներուժն ու եռանդը, ուշադրությունն ու ազդեցությունը ուղված էր միանգամայն երկրորդական եւ գլխավոր նպատակից մեզ միայն շեղող թիրախի վրա՝ ցեղասպանության միջացգային ճանաչման կարգախոսով։ Հայոց Եղեռնը բնորոշելու համար անգամ հատուկ բառ էր ստեղծվել՝ genocide… Սակայն մեր ժողովրդի հետ կատարվածն ավելի դաժան է ու ողբերգական, քան ցեղասպանությունը՝ դա պետք է անվանել Հայրենազրկում, Patricide…
1915 թվականի ապրիլի 24-ին սկսված հանցագործության վերջին եւ ամենաահավոր արարն էր 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագիրը՝ Լենինի ու Քեմալի հանցավոր ու ապօրինի դավադրությունը։ Այդ օրը ռուս բոլշեւիկները եւ թուրք քեմալականները՝ աշխարհում ոչ մի երկրի կողմից այդ պահին չճանաչված երկու բռնակալները բաժանեցին իրար մեջ Հայաստանի հանրապետությունը, որն արդեն ուներ դիվանագիտական հարաբերություններ Ազգերի Լիգայի 20 անդամ պետությունների հետ։ Ռուս-թրքական պայմանագիրն ապօրինի էր ու հանցավոր ոչ միայն այն պատճառով, որ դրան չեր մասնակցում ոչ մի ներկայացուցիչ Հայաստանից, այլ նաեւ այդ օրերին Հայաստանում Փետրվարյան հակաբոլշեւիկյան ապստամբության հաղթանակի հանգամանքից ելնելով։ Այսինքն, ոչ սովետական Ռուսաստանը եւ ոչ էլ քեմալական Թուրքիան 1921 թ. մարտի 16-ի դրությամբ չէին վերահսկում Հայաստանի հանրապետությունը ոչ քաղաքական, ոչ ռազմական առումով՝ հետեւաբար Լենինի եւ Քեմալի դավադրությունը մեր երկրի զավթման, բաժանման ու գաղութացման վերաբերյալ միջազգային իրավունքի տեսակետից հանդիսանում է ապօրինի եւ հանցավոր ավազակային հարձակում։ Խոսքերիս լավագույն ապացույցն այն է, որ միանգամայն նույն եղանակով, ոճով եւ ինաստով կնքված մեկ այլ նման «պայմանագիրը»՝ 1939 թ. օգոստոսի 23-ին Ստալինի ու Հիտլերի գործարքը Լեհաստանի եւ Բալթյան երեք երկրների զավթման ու բաժանման մասին, որն աշխարհին ծանոթ է իբրեւ Մոլոտովի-Ռիբենտրոպի պակտ՝ ի վերջո չեղյալ է հայտարարվել այդ պետությունների եւ միջազգային ատյանների պահանջով 1991 թվականին հենց ԽՍՀՄ կողմից։
Հայաստանը կարող է ու պարտավոր է նույն պատմական ու իրավական նախադեպի սկզբունքով պահանջել 1921 թ. մարտի 16-ի ռուս-թրքական հանցավոր պայմանագրի չեղարկումը Ռուսաստանից, Թուրքիայից եւ միջազգային ատյաններից։ Դա է մեր երկրի անկախության վերականգնման, ինչպես նաեւ Արցախյան հակամարտության եւ Արեւմտյան Հայաստանի խնդրի խաղաղ ու օրինական լուծման ճանապարհը։
Հայրենակիցներ՝ եկեք գիտակցենք եւ ուղղենք տասնամյակների այս սխալը՝ ոչ թե 1915 թ. ապրիլի 24-ը, այլ 1921 թ. մարտի 16-ն է մեր ազգային իրավունքների, մեր զավթված պետության, մեր պատմական տարածքների պահանջատիրության օրը։ Եկեք նշենք մարտի 16-ը Ռուսաստանի եւ Թուրքիայի դեսպանատների դիմաց բողոքի ցույցերով, պահանջելով չեղյալ հայտարարել 1921 թվի հանցավոր ու ապօրինի Մոսկովյան պայմանագիրը։ Եկեք անենք այնպես, որ այս պահանջը պետական քաղաքականություն դառնա Հայաստանում։ Դա է մեր անկախության եւ զարգազման գրավականը։
Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից: