«Հետևելը, որ երեխան նորմալ հագնված լինի ու լավ սնված, կոչվում է հոգատարություն, այլ ոչ թե՝ դաստիարակություն». Լաբկովսկի
Advertisement 1000 x 90

«Հետևելը, որ երեխան նորմալ հագնված լինի ու լավ սնված, կոչվում է հոգատարություն, այլ ոչ թե՝ դաստիարակություն». Լաբկովսկի

30-ամյա փորձառություն ունեցող ընտանեկան հոգեբանը պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք հաճախ մենք բաց ենք թողնում մեր տեսադաշտից` փորձելով երեխայից մարդ մեծացնել:

  1. Դժբախտ մարդիկ լինելով` դուք ոչ մի կերպ չեք կարողանա այնպես կառուցել երեխայի հետ հարաբերությունները, որ նա երջանիկ լինի: Իսկ եթե երջանիկ են ծնողները, ապա հատուկ ոչինչ անել պետք էլ չէ:
  2. Շատերը համարում են, որ իրենց` ծնողների մոտ, ամեն ինչ կարգին է, և խնդիրներ միայն իրենց երեխաներն ունեն: Ու զարմանում են, երբ ընտանիքում մեծանում են 2 միմյանցից բացարձակապես տարբեր երեխաներ` մեկը՝ ինքնավստահ, հաջողակ, մարտականորեն տրամադրված ու քաղաքականապես հասուն գերազանցիկ, իսկ մյուսը` կոմպլեքսավորված անհաջողակ, միշտ նվնվացող կամ ագրեսիվ: Իսկ չէ՞ որ դա նշանակում է, որ երեխաները տարբեր կերպ են զգացել իրենց ընտանիքում, և նրանցից որևէ մեկին ակնհայտորեն ուշադրությունը չի բավականացրել: Նրանցից մեկն առավել զգայուն է եղել ու ավելի շատ սիրո կարիք է ունեցել, իսկ ծնողները դա չեն նկատել:
  3. Հետևելը, որ երեխան նորմալ հագնված լինի ու լավ սնված, կոչվում է՝ հոգատարություն, այլ ոչ թե՝ դաստիարակություն:

Ցավոք, շատ ծնողներ համոզված են, որ միայն հոգ տանելը երեխաների նկատմամբ բավարար է:

  1. Ինչպես որ դուք եք շփվում ձեր երեխայի հետ նրա մանկության տարիներին, այնպես էլ նա կվերաբերվի ձեզ հետ, երբ ծեր լինեք:
  2. Դպրոցը պետք է ոչ այնքան՝ մաթեմատիկա ու գրականություն սովորեցնի, որքան՝ կյանքի դասեր տա: Դպրոցից կարևոր է ստանալ ոչ այնքան՝ տեսական գիտելիքներ, որքան՝ գործնական հմտություններ` շփվելու ունակություն, հարաբերություններ կառուցելու կարողություն, ինքդ քեզ, քո բառերի ու արարքների համար պատասխանատու լինելու ունակություն, պետք է քեզ սովորեցնի լուծել սեփական խնդիրները, պայմանավորվել, տնօրինել սեփական ժամանակդ…

Հենց այս հմտություններն են օգնում ինքնավստահ լինել հասուն կյանքում ու վաստակել բավարար չափով:

  1. Երեխաների՝ ստացած գնահատականի համար չափից առավել անհանգստանալն ու մտահոգվելը մեծերի արձագանքի հայելին են:

Եթե ծնողները հանգիստ են արձագանքում անբավարար գնահատականին կամ սպորտային անհաջողություններին, եթե ծնողները ժպտում են ու ասում. «Ոչինչ, արևս, մի տխրիր», ապա երեխան հանգիստ է, կայուն, անպայման ձգտում է ավելի լավ սովորել ու գտնում է զբաղմունք, ուր նրա մոտ ամեն ինչ ստացվում է:

  1. Եթե տարրական դպրոցում ձեր երեխան չի հաղթահարում ուսումնական ծրագիրը, եթե դուք ստիպված եք ձեր երեխայի հետ երկար նստել ու դաս սովորել, ուրեմն խնդիրը ձեր երեխայի մեջ չէ, այլ դպրոցի:

Ավելի բարդ` չի նշանակում՝ լավ: Երեխան չպետք է գերհոգնի` փորձելով յուրացնել մանկավարժների կողմից կազմված ծրագիրը: Առաջին դասարանում տնային աշխատանքը կատարելու համար բավարար պետք է լինի 15-45 րոպեն:

  1. Երեխաներին պատժել կարելի է և երբեմն` նույնիսկ անհրաժեշտ է:

Բայց պետք է հստակ տաբերակել երեխային ու նրա արարքը: Օրինակ, դուք նախապես պայմանավորվել եք, որ մինչև ձեր տուն գալը նա պետք է դասերը պատրաստի, ուտի ու հավաքի սենյակը: Եվ ահա դուք գալիս եք տուն ու հետևյալ պատկերն եք տեսնում. ապուրով կաթսան ձեռք տված չէ, դասագրքերն ակնհայտորեն անգամ չեն բացվել, գորգի վրա ինչ-որ թղթեր են թափված, իսկ երեխան լիովին մտած է պլանշետի մեջ:

Գլխավորն այդ պահին հրեշ չդառնալն է, չգոռալ այն մասին, որ «բոլորի երեխաները նորմալ երեխաներ են, բացի իր երեխայից», և, որ ձեր երեխայից ոչինչ դուրս չի գա: Առանց որևէ ագրեսիայի նշույլի մոտեցեք երեխային: Ժպտալով` գրկեք նրան ու ասացեք. «Ես քեզ շատ եմ սիրում, բայց դու մեկ շաբաթ պլանշետ չես ստանա»: Իսկ գոռալ, վիրավորել, նեղանալ ու երեխայի հետ չխոսել չի կարելի: Երեխային դուք արդեն պատժել եք՝ պլանշետ չտալով:

  1. Երեխան գրպանի գումար պետք է ունենա արդեն 6 տարեկանից։

Խոսքը խոշոր գումարի մասին չէ, բայց պետք է նրան պարբերաբար գումար տալ ու թույլ տալ, որ այն երեխան տնօրինի։ Եվ շատ կարևոր է, որ փողը չդառնա մանիպուլյացիայի գործիք։ Պետք չէ վերահսկել, թե ինչի վրա է երեխան գումար ծախսում, ու գումարի չափը չպայմանավորել նրանով, թե ինչ առաջադիմություն ու վարքագիծ է դրսևորում երեխան։

  1. Պետք չէ երեխաների փոխարեն ապրել նրանց կյանքը, որոշել, թե նրանք ինչ անեն ու ինչ՝ ոչ, նրանց փոխարեն իրենց խնդիրները լուծել, ձեր հավակնություններով, սպասումներով ու ցուցումներով ճնշել երեխաներին։ Դուք կծերանաք, իսկ նրանք հետո ինչպե՞ս պետք է ապրեն։
  2. Ամբողջ աշխարհում համալսարաններում սովորում են միայն ամենախելացիներն ու հարուստները։ Մնացածները գնում են աշխատելու, իրենց գտնելու ու բարձրագույն կրթություն ստանալու համար գումար վաստակելու։ Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում…
  3. Ես դեմ եմ շարունակական անքթիթ վերահսկողությանը։

Երեխան պետք է վստահ լինի, որ ընտանիքում իրեն սիրում են, հարգում, հետը հաշվի նստում ու վստահում։ Ահա այդ դեպքում նա վատ շրջապատ չի ընկնի ու կխուսափի շատ գայթակղություններից, որոնց չեն կարող դիմադրել ընտանիքում լարված իրավիճակում ապրող իրենց հասակակիցները։

  1. Երբ ես դպրոցում էի աշխատում, ապա սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ասում էի, որ սովորել պետք է թեկուզ այն պատճառով, որ գլխի աշխատանքի համար ավելի շատ են վճարում, քան ֆիզիկական աշխատանքի դեպքում, և, որ սովորելով՝ կարող են աշխատել ու փող ստանալ այն բանի համար, ինչ սիրում են։
  2. Դեռահասի սենյակի թափթփված վիճակը համապատասխանում է նրա ներքին վիճակին։ Այդպես է արտաքինից արտահայտվում նրա հոգեկան աշխարհում տիրող քաոսը։ Դեռ լավ է, եթե նա գոնե լվացվում է…

Սենյակը կարգի բերելու պահանջ կարելի է ներկայացնել, միայն եթե երեխայի իրերը իր սենյակի սահմաններից դուրս են գալիս։

  1. Դաստիարակել չի նշանակում՝ բացատրել երեխային, թե ինչպես ապրել։ Դա չի աշխատում։

Երեխաները զարգանում են միայն օրինակներ տեսնելով։ Ի՞նչ է կարելի, իսկ ի՞նչ չի կարելի, ինչպե՞ս է պետք ու ինչպե՞ս չի կարելի վարվել երեխաները հասկանում են ոչ թե ծնողների բառերից, այլ բացառապես նրանց արարքներից։ Պարզ ասած, եթե հայրն ասում է, որ ալկոհոլ օգտագործելը վնասակար է, իսկ ինքը շարունակ հարբած է, շատ մեծ հնարավորություն կա, որ տղան ալկոհոլիկ կդառնա։ Սա ամենավառ օրինակն է, բայց ավելի նուրբ բաները երեխաները որսում ու կրկնօրինակում են ոչ պակաս զգայուն կերպով։

  1. Երեխաների հետ պետք է խոսել առհասարակ կյանքի մասին, այլ ոչ թե՝ ինչպես է պետք ապրել։

Իսկ եթե ծնողը կարող է երեխայի հետ խոսել միայն խնդիրների մասին, ուրեմն նա ինքը խնդիր ունի։

  1. Եթե երեխան փորձում է մեծերին մանիպուլյացնել, նրա մոտ պարզապես նևրոզ է։

Եվ պետք է գտնել դրա պատճառը։ Առողջ մարդիկ չեն մանիպուլյացնում, նրանք լուծում են իրենց խնդիրները՝ գործելով ուղղամտորեն։

  1. Երեխայի հետ խոսելիս մի քննադատեք նրան, մի դիպեք նրա անձին, դուրս մի եկեք նրա արարքների վերլուծության սահմաններից։

Խոսեք ոչ թե նրա մասին, այլ ձեր։ Ոչ թե՝ «դու վատն ես», այլ՝ «ես կարծում եմ՝ դու վատ ես վարվել»։ Օգտագործեք հետևյալ ձևակերպումները՝ «Ինձ դուր չի գալիս, երբ դու…», «Ես կուզենայի, որ դու…» արտահայտությունները։

  1. Երեխան պետք է զգա, որ ծնողները բարի, բայց ուժեղ մարդիկ են։

Ովքեր կարող են պաշտպանել իրեն, կարող են ինչ-որ բանում մերժել, բայց միշտ գործում են երեխայի շահերին համապատասխան, և գլխավորը, նրան շատ են սիրում։

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը