Հայաստանը կանանց և երեխաների առողջության պաշտպանության նպատակով դրամաշնորհային օժանդակություն է ստացել Ճապոնիայից
Advertisement 1000 x 90

Հայաստանը կանանց և երեխաների առողջության պաշտպանության նպատակով դրամաշնորհային օժանդակություն է ստացել Ճապոնիայից

Առողջապահության նախարարության հարկի տակ տեղի է ունեցել «Երևանում սեռավարակներով տառապող հղի կանանց համար բժշկական սարքավորումների տրամադրման նախագծի» դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Այն տրամադրվել է «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը։ Կարևորելով մոր և մանկան առողջության պահպանումը` փոխնախարարն ընդգծել է, որ մայրական և նորածնային մահացության նվազեցման գործում բավականին հաջողություններ են արձանագրվել:

«Այս ծրագրի իրականացումը կապահովի մոր ու պտղի մոտ ախտաբանությունների  ժամանակին հայտնաբերումը, միջոցառումների ձեռնարկումը, ինչը կնպաստի մեր երկրում  մայրական և նորածնային մահացության  ու հիվանդացության իջեցմանը»,- նշել է Արսեն Դավթյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը 88,748 ԱՄՆ դոլարի չափով այժմ կծառայի Հայաստանում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը»,- ասել է Ջուն Յամադան և հավելել, որ երեխաների առողջությունն է առողջ հասարակության բանալին, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները` օգնելու նորածիններին լույս աշխարհ գալ առանց հիվանդությունների:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ դրամաշնորհի շրջանակում տրամադրվող բժշկական սարքերի օգնությամբ հնարավոր կլինի կատարելագործել սեռավարակներով տառապող հղի կանանց հետազոտման և ախտորոշման հնարավորությունները, մեղմացնել ռիսկերը և պաշտպանել թե մոր, թե նորածնի կյանքը ծննդաբերության ընթացքում:



Նման նյութեր