Փիլիսոփա Նիկոլո Մաքիավելին, ում սովորաբար ասոցիացնում էին Իտալիայի Լուսավորականության հետ, նաև դիվանագետ էր, քաղաքական գործիչ ու գրող: Այս հոդվածում կներկայացնենք իր լավագույն մեջբերումներից մի քանիսը:
Եթե Դուք ոչինչ չեք կարդացել Մաքիավելիի մասին կամ նրա գրքերից, ապա խորհուրդ կտանք ընթերցել նրա «Տիրակալը» (The Prince) գիրքը: Սա տրակտատ է, ուսմունք քաղաքականության մասին, որը հրատարակվել է իր մահից տարիներ անց: Եթե Ձեզ դուր է գալիս կարդալ փիլիսոփայական մտքեր քաղաքականության մասին, ապա Դուք հաստատ կվայելեք այս գիրքը: Ի վերջո, Մաքիավելին համարվում է ժամանակակից քաղաքագիտության հայրը:
- Նպատակներն իրականացնելը դժվար է
«Մեծ նվաճումների երբեք հեշտությամբ չես հասնի». Մաքիավելիի այս առաջին մեջբերումը ստիպում է խորհել այն վախի մասին, որը շատ հաճախ առաջանում է նպատակներին հասնելու ճանապարհին քայլեր անելիս: Այս տեսակի վախը կարող է նաև կաթվածահար անել: Եվ արդյունքում շատ քչերն են, որ կարողանում են ի կատար ածել իրենց երազանքները:
Մաքիավելին մեզ հիշեցնում է, որ մեծ գործեր անելիս միշտ էլ պետք է ռիսկի դիմել: Նա դա անվանում է ռիսկի վտանգ և պնդում է, որ վտանգը հաղթահարելու համար քաջություն ու հաստատակամություն է հարկավոր ունենալ:
- Արտաքինը խաբուսիկ է
«Յուրաքանչյուր ոք քեզ տեսնում է այնպես, ինչպես որ դու ես ներկայանում, սակայն միայն մի քանի փորձություն արդեն իսկ ցույց կտա՝ ով ես դու իրականում». Մաքիավելին այս խոսքով հրաշալի կերպով մի շատ կարևոր գաղափար է ձևավորել: Շատ հաճախ դուք չեք գիտակցում, որ ձեր իմիջը բարելավելու համար դիմակ եք կրում: Դուք այլ կերպ եք ձեզ պահում ձեր քույր ու եղբայրների մոտ, և միանգամայն այլ կերպ՝ Ձեր տնօրենի մոտ: Ինչո՞ւ են որոշ մարդիկ կարծում, որ դուք ամաչկոտ եք ու համեստ, մինչդեռ նրանք, ովքեր ձեզ շատ ավելի լավ են ճանաչում, ճիշտ հակառակն են պնդում:
Այն, որ դուք մարդկանց մոտ չեք կարող ձեզ դրսևորել այնպես, ինչպես իրականում կաք, երբեմն կարող է զայրացնել ու հիասթափեցնել ձեզ: Ի վերջո, ձեր ծնողները, քույր ու եղբայրները փոքրուց ձեզ ճանաչում են, տեսել են ձեր լավ ու վատ օրերը: Իսկ մնացածնե՞րը: Միգուցե մարդիկ չեն տեսնում ձեր իրական էությունը, որովհետև դուք եք այն թաքցնում:
- Գործելը միշտ էլ լավագույն ընտրությունն է
«Ավելի լավ է գործել ու զղջալ, քան չգործել ու ափսոսալ». այս մեջբերման նշանակությունը կապված է այն վախի հետ, որի մասին հիշատակեցինք վերևում: Այս վախը կառավարում է ձեր կյանքը և չի թողնում ի կատար ածել ձեր ամենանվիրական ցանկությունները:
Դուք շատ հաճախ սահմանափակումներ եք դնում ձեր առջև կամ արդարանալու պատրվակներ փնտրում, թե ինչու այսպես կամ այնպես չեք կարող կամ չպետք է վարվեք: Այնուամենայնիվ, եթե դուք դրանց այլ տեսանկյունից նայեք, կհասկանաք, որ այդ արգելքներն այդքան էլ անհաղթահարելի չեն: Իրականում ձեր պատկերացրած արգելքներն ավելի վնասակար կարող են լինել, քան բոլոր այն ֆիզիկական սահմանափակումները, որ դուք կարող եք ունենալ:
- Ամեն ինչ՝ իր ժամանակին
«Ամեն դեպքում, նա պետք է զգուշավոր լինի հավատալիս ու գործելիս և պետք է ինքնուրույն ճնշի իր մեջ ապրող վախը և պետք է չափավոր լինի խոհեմության ու մարդասիրության մեջ, որպեսզի չափից դուրս ինքնավստահությունը չզրկի նրան զգուշավորությունից, և չափից դուրս երկչոտությունը չզրկի նրան հանդուրժողականությունից»,- ասել է Մաքիավելին:
Երբևէ մտածե՞լ եք, որ ինչ-որ հարցում ծայրահեղությունների եք դիմել, որ դուք կուրորեն վստահել եք մեկին, ինչի հետևանքով դուք չեք նկատել՝ ինչպես են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել:
Այս մեջբերումը սովորեցնում է կուրորեն չվստահել մարդկանց, որովհետև նրանք կարող են ձեզ հիասթափեցնել, ինչը կարող է ձեզ տանել մեկ այլ ծայրահեղության՝ անհանդուրժողականության:
- Նիկոլո Մաքիավելին հավատում էր, որ փոփոխությունը կարող է նոր դռներ բացել
«Մեկ փոփոխությունը միշտ ճանապարհ է բացում մյուսների նվաճումների համար». Նիկոլո Մաքիավելիի այս վերջին մեջբերումը մատնանշում է փոփոխության կարևորությունը: Այսօր մեզանից շատերը վախենում են փոփոխություններից: Գուցե դուք կարծում եք՝ ավելի լավ է՝ լինի այն, ինչ ծանոթ է ու հարմար, քան թե այն, ինչ սպասում է ձեզ նորի ճանապարհին:
Այնուամենայնիվ, փոփոխությունները նոր հնարավորությունների դռներ են բացում ձեր առջև: Չնայած եղած անորոշությանը՝ փոփոխությունը շատ անհրաժեշտ է: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչի կնմանվեր ձեր կյանքը, եթե դուք միշտ նույն մարդը լինեիք:
Հուսանք՝ Նիկոլո Մաքիավելիի այս մեջբերումները կօգնեն ձեզ վերանայել ձեր կյանքը: Եթե դուք ցանկանում եք նրան ավելի լավ հասկանալ, անպայման կարդացեք նրա «Տիրակալը»:
Նյութը Exploringyourmind.com կայքից հրապարակման պատրաստեց Նվարդ Հովսեփյանը