Երբ ուսումնական տարվա մի մասը դպրոցում ոչ թե մոդուլ էր կոչվում, այլ քառորդ, երբ երկար ֆիլմերը բաժանվում էին սերիաների, ոչ թե եթերաշրջանների, երբ ձմերուկը սառեցնում էին հոսող ջրի տակ, որովհետև տներում դեռ ջրաչափեր չկային, Հայաստանում կինո կար։ Ստեղծում էին «Հայֆիլմ» ստուդիայում, և պետք է ասել, որ հիմնականում լավ էր ստացվում, երբեմն` շատ լավ։ Այսօր արդեն հայկական կինո չկա, միայն հիշողություններ են մնացել։
Կինոստուդիան, որտեղ բախտ է վիճակվել աշխատել նաև ինձ, Տերյան փողոցում էր` Երևանի կենտրոնում, և այդ տարիների կինոաստղերը մոտ էին մոտակայքում ապրող մարդկանց ու սովորական անցորդներին։ Բայց ոչ ոք չէր փորձում ստորագրություն վերցնել, լուսանկարվել, աստղի ուսին թփթփացնել, զրուցել կյանքի մասին։ Կուռքերի նկատմամբ սեր կար, նրանց հետ շփվելու մշակույթն այլ էր։
Անունների աստղաբույլը, որոնք ավելի ուշ շողացին կուրացնող փայլով, ձևավորվեց հենց այդ ժամանակ` Արմեն Ջիգարխանյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան։ Եթե կոնկրետ ժամի դուրս գայիր Տերյան փողոց, անպայման ինչ–որ մեկին կտեսնեիր։
Սոս Սարգսյան
Տարվա ընթացքում ստուդիայում միջինը 5-6 լիամետրաժ ֆիլմ էին նկարահանում, բայց բեսթսելերները սկսվեցին «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Սարոյան եղբայրներ», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերից։ Իհարկե, սա դեռ ամենը չէր։
Առանձնահատուկ դարձավ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Տարբեր ատյանները մի կերպ ընդունեցին գեղանկարչական ոճով նկարված ֆիլմ–այլաբանությունը։ Դժվարությամբ, բայց ամեն դեպքում ընդունեցին։
Ասում են, որ ստուգիչ դիտումներից մեկի ժամանակ Բադալ Մուրադյանը` այն ժամանակ նախարարների խորհրդի նախագահը, դժգոհությամբ մռթմռթացել է. «Լրիվ միստիկա է…»։
«Կրկին միստիկան շփոթել է մաստիկայի հետ», – կուլուարներում բացատրել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանը` նկատի ունենալով, որ կառավարության ղեկավարի աշխատանքային կենսագրությունը սկիզբ է առել հատակ փայլեցնողի աշխատանքից։
Ամեն դեպքում ֆիլմը, որի գլխավոր դերերում խաղում էին Սոֆիկո Ճիաուրելին և Վիլեն Գալստյանը, Մոսկվան ընդունել է, Երևանը` հաստատել, և սկսվել է ֆիլմի հաղթարշավն աշխարհում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am