Երեք օրը մեկ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից մահանում է մեկ կին. մասնագետ
Advertisement 1000 x 90

Երեք օրը մեկ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից մահանում է մեկ կին. մասնագետ

Ամեն տարի Հայաստանում գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 250-260 նոր դեպք։ Առաջին հայացքից այնքան էլ ահավոր թիվ չէ։ Բայց, ինչպես հավաստում է ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը, տարեկան 250-ը 1,5 օրում 1 դեպք է. ամեն մեկուկես օրը մեկ Հայաստանում մեկ կնոջ ախտորոշում են արգանդի վզիկի քաղցկեղ, և յուրաքանչյուր 3 օրը մեկ մի կին մահանում է այդ հիվանդությունից։

Մասնագետի խոսքով՝ արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրն այսօր հրատապ է աշխարի բոլոր երկրներում, բայց տարածվածությունն ամեն տեղ չէ, որ նույնն է։ Հետաքրքիր է, որ Հայաստանում այդ հիվանդությունը բավական տարածված է համարվում։ Արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրը Հայաստանում պահանջում է համալիր մոտեցում, ինչպես պնդում է Մոր և մանկան պահպանման ԳՀԿ ղեկավար Գեորգի Օկոևը. այս հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է պատշաճ մակարդակի լինեն թե՛ սքրինինգը, թե՛ ախտորոշումը, թե՛ բուժումը, թե՛, իհարկե, այդ հիվանդության կանխարգելումը։ Իսկ կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումն է, որի որոշ շտամներ, ինչպես հայտնի է, կարող են առաջ բերել արգանդի վզիկի, աղիների, կոկորդի ու բերանի խոռոչի, ինչպես նաև արգանդի և տղամարդու սեռական օրգանների քաղցկեղ։

Ինչպես իր հերթին նշեց համաճարակաբան Արման Բադալյանը, գարդասիլ 4-ի (ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ) պատվաստման տարիքային սահմանը Հայաստանում բարձրացրել են՝ հիմնվելով այլ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների տվյալների վրա։

Որոշ մասնագետներ պնդում են, որ մինչև 45 տարեկան մարդկանց պատվաստելու երաշխավորություն տրվում է գարդասիլ 9-ով, այլ ոչ թե գարդասիլ 4-ով, որն այսօր օգտագործում են Հայաստանում, բայց, մասնագետի խոսքով՝ բոլոր հետազոտություններն այդ նույն Նահանգներում անցկացվել են գարդասիլ 4-ով, բայց երբ պարզվել է, որ այն իսկապես նվազեցնում է ՄՊՎ տարածումը պոպուլյացիայում ու նախաքաղցկեղային վիճակում, տարիքային խումբը բարձրացնելը և մինչև 45 տարեկան մարդկանց պատվաստելը ներառեցին գարդասիլ 9-ի արձանագրություններում, քանի որ ԱՄՆ-ում օգտագործում են հենց այդ պատվաստանյութը։

med.news.am