Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ «Լուսե» կենտրոնը բաց դռների օր է հայտարարել՝ ևս մեկ անգամ բարձրացնելու իրազեկվածությունն ու շեշտադրելու այն մոտեցումները, որոնք պետք է ընդունելի լինեն ներառական հասարակություն ստեղծելու համար:
լրագրողների հետ զրույցում «Լուսե» կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանն ասաց, որ կենտրոնում իրականացվում է ֆիզիոթերապիա, որի ընթացքում տարբեր վարժությունների միջոցով երեխան զարգացնում է իր ճկունությունը, հմտությունները, կամային համակարգը: «Աուտիզմ ունեցող երեխայի հետ շփվելու համար պետք է հավատալ և վստահել նրան: Բոլոր երեխաներն առանձնահատուկ են, այդ թվում և աուտիզմ, հաշմանդամություն ունեցող երեխաները, այնպես որ ճիշտ մոտեցման պարագայում դժվարություններն անհետանում են: «Լուսե» կենտրոնում սերն ու ջերմությունը ակնհայտ են: Կենտրոն այցելում են ոչ միայն աուտիզմ ունեցող, այլև ֆիզիկական խնդիրներով երեխաները»,-ասաց նա:
Գալստյանը նշեց, որ կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխայի վերականգնողական կուրսը երեք ամիս է: «Եթե մենք կարողանայինք մեկ տարի երեխային ծառայություն մատուցել, շատ ավելի դրական և մեծ արդյունք կունենայինք, սակայն սպասողների ցուցակը մեզ թույլ չի տալիս էլ ավելի երկարացնելու վերականգնողական կուրսը»,-նշեց կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ յուրաքանչյուր եռամսյակում 50-60 երեխա է ներգրավվում վերականգնողական աշխատանքներում:
Գոհար Գալստյանը նշեց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամն անում է ամեն ինչ, որպեսզի երեխաների համար ծառայությունները լինեն անվճար: «Ունենք լոգոպեդի ծառայություն, սոցիալ-հոգեբանական ծառայություն ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար, արտ-թերապիա, ֆիզիոթերապիա, պարային թերապիա և ունենք հետաքրքիր նախաձեռնություն «Արմատի» հետ, որտեղ մեր երեք սաները 3D ինժեներություն են սովորում»,-հավելեց նա:
«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն էլ ընդգծեց, որ կենտրոնն իր գործունեության ընթացքում ավելի քան 200 երեխա է սպասարկել: «Երեխաներն իրենց առանձնահատկությունից ելնելով որոշակի խնդիր ունեն վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունների հետ կապված և միջազգային պրակտիկան տանում է նրան, որ իրենց հնարավորինս գիտելիքներ և հմտություններ ուսուցանվեն, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն, անկախ կյանքի համար օգտակար լինել»,-նշեց նա: