Այսօր շատերն են «հերոս» եւ զինված սելֆի ձողերով եւ լուսանկարչական ապարատներով շտապում են դիրքեր կամ եռաբլուր:
Այսօր հեշտ է «հերոս» լինել, ասուլիսներում գրավել Բաքուն ։ Երեք տարի առաջ տղամարդավարի պահվածք ցուցաբերողներն այսօր սելֆի չեն անում: Նոր Հայաստանի պատմությունը չի սիրում հին դրվագները։ Երեք տարի առաջ, այս օրը Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ից ժամանում էր Երեւան եւ նրա հետ կապ հաստատելն անհնարին էր, եւ մի պահ առկա էր անակնկալի ու շփոթվածության գործոնը, Արցախի պաշտպաններին իր աջակցությունը եւ ծառայությունն առաջարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ մասին քաջատեղյակ են Արցախում: Նա այսօր անազատության մեջ է։ Հավանորեն մի օր Քոչարյանն ինքը կպատմի այդ օրերին իր մի այլ քայլի մասին, որի մասին տեղյակ են ՀՀ եւ ՌԴ խիստ սակավաթիվ մարդիկ։
Եթե մենք խոսում ենք ապրիլյան հերոսամարտի ու հաղթանակի մասին, ապա այդ ամնեը չի լինում առանց հրամանատարների։ Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը,ունեցել են անգնահատելի դերակատարում, կարողացան կազմակերպել եւ լավ կազմակերպել հակահարվածը: Նրանք այսօր քրեական հետապնդման տակ են եւ ներկայացվում են որպես ազգի թշնամիներ։
Իրենց հերոսի պես պահեցին Գեներալ Լեւոն Մնացականյանը, որը պաշտոնանկ արվեց ոչ ՔՊ-ական կեցվածքի համար։
Իրենց իսկական հերոսների նման պահեցին Արցախի ճակատի հրամանատարները, նույն Օգանովսկին, որին պաշտոնանկ են անում, Վիտալի Բալասանյանը, մյուսները: Իրեն տղամարդավարի պահեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը կարողացավ այնպես անել, որ առաջին ժամերի խուճապն անհետացավ բոլորի մոտից եւ ամեն ինչ ընկավ իր տեղը:
Իրենց իսկական հերոսների պես պահեցին մարտական հրամանատարները, որոնք ուղիղ մեկ տարի է տանում բերում են ՀՔԾ։
Հիմա, ինչպես երեք տարի առաջ, երբ արդեն պարզ էր, որ մարտերը դադարել են, «հերոս» խաղալը, դիրքեր գնալն ու այնտեղ տարբեր պոզաներով լուսանկարվելը շատ հեշտ է, բայց հավատացեք սիրուն չէ: Իսկական հերոսների հիշատակն այսպես չեն հարգում:
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: