Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումից առաջ որոշ հարցեր տալիս են գրեթե բոլոր ծնողները, պնդում է մանկաբույժ Լիլիթ Մարությանը:
Շատ ծնողներ, օրինակ ցանկանում են իմանալ՝ ինչու մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը 13 տարեկանում են իրականացնում: Նրանք հարցնում են՝ չի կարելի արդյոք այն մի քանի տարով հետաձգել: Ի վերջո, 13 տարեկանում աղջկա մոտ սեռական հասունացման ամենաթեժ շրջանն է և ծնողները վախենում են, որ պատվաստումը կարող է ինչ-որ կերպ ազդել դրա վրա:
Ըստ մասնագետների առանց լուրջ անհրաժեշտության չարժե պատվաստումը հետաձգել. նախ՝ այն խորհուրդ է տրվում անել մինչև սեռական կյանքի սկսվելը, երբ դեռահասը, ամենայն հավանականությամբ, դեռ չի բախվել ՄՊՎ-ի հետ:
Երկրորդ՝ ըստ մանկաբույժի, պատվաստանյութի նկատմամբ ամենալավ իմունային պատասխանը լինում է մինչև 15 տարեկանը. դեռահասներին պատվաստանյութի միայն երկու չափաքանակ են ներարկում, իսկ 15-ից բարձր մարդկանց՝ 3 չափաքանակ, որպեսզի համանման իմունային պատասխան ստանան:
Ինչ վերաբերում է սեռական հասունացմանը և վերարտադրողական առողջությանը, պատվաստանյութը չի ազդում ոչ առաջինի, ոչ երկրորդի վրա, պնդում են մասնագետները:
ևս մեկ հարց, որ տալիս են գրեթե բոլոր ծնողները, վերաբերում է պատվաստանյութի անվտանգությանը՝ ծնողները ցանկանում են իմանալ՝ որքանով է այն անվտանգ, չէ որ, ի վերջո, այն շուկայում համեմատաբար վերջերս է հայտնվել:
Լիլիթ Մարությանը նշեց, որ ցանկացած պատվաստանյութ մինչև շուկայում հայտնվելը բազմաթիվ հետազոտություններ է անցնում. այն շատ ավելի մանրակրկիտ են ստուգում, քան մյուս դեղամիջոցները, քանի որ դրանք բնակչության մեծ խմբի համար են օգտագործվելու և դրանք պարտադիր պետք է անվտանգ լինեն:
Ըստ մասնագետի՝ ՄՊՎ դեմ պատվաստանյութը անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները շուկայում հայտնվել է 2006 թվականին: Շատ երկրներում այն արդեն 13 տարի են օգտագործում և պատվաստանյութի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չի նկատվել:
Երրորդ հարցը, որը ծնողները հաճախ են տալիս, վերաբերում է բոլոր պատվաստանյութերին, ոչ միայն Գարդասիլին: Ծնողները ցանկանում են իմանալ, վտանգավոր է արդյոք ալյումինը, որը պարունակվում է դրանցում:
Լիլիթ Մարությանի խոսքով՝ ալյումինն իսկապես պարունակվում է պատվաստանյութերում՝ փոքր քանակությամբ և օժանդակ դեր է կատարում:
Սակայն նույն ալյումինը պարունակվում է նաև շատ սննդամթերքներում և անգամ կրծքի կաթում և նորածինների համար արհեստական կաթնային խառնուրդներում:
Հետազոտությունների համաձայն՝ երեխաները պատվաստանյութի միջոցով մի քանի անգամ քիչ ալյումին են ստանում, քան մայրական կաթի և կաթնային խառնուրդների միջոցով: Այսպես, թե այնպես բոլոր երեք դեպքերում այդ ալյումինը, ըստ մասնագետի, չի ազդում երեխայի զարգացման վրա: