Վարդան Վարդանյանի հրապարակումներից.
«Ամեն մարդ իր «բզիկներն» ունի: Անձնական «բզիկները» թողնենք անձերին: Ինչ արած, թող ինքնուրույն թունավորվեն: Դիտարկենք այսպես կոչված հասարակական- քաղաքականները: Մեկի համար բոլոր դժբախտությունների «հեղինակը» Սահմանադրությունն է: Ընդունեք իր հեղինակած «Նոր Սահմանադրությունը» և դրանից հետո կովերի կաթնատվությունն ու ցեմենտի արտադրությունը թռիչքաձև կաճեն: Երկրորդի համար երկիրը կարող է կործանվել, եթե կոռուպցիան 100 տոկոսով չհաղթահարվի ու վերջավոր թվով նախորդներ չնստեն ու միայն դրանից հետո կովերի կաթնատվությունն ու ցեմենտի արտադրությունը թռիչքաձև կաճեն: Մի երրորդն ասում է թե՝ գրողի ծոցն ուղարկեք ռուսներին ու սիրեք «արևմուտքը», իսկ չորորդն էլ թե՝ գրողի ծոցն ուղարկեք «արևմուտքին» ու սիրեք ռուսներին: Զարմանալի է, բայց մի հինգերորդն էլ կա, որն ասում է թե բոլորին էլ գրողի ծոցն ուղարկեք: Պարզ է չէ՞, որ երրորդը, չորորդն ու հինգերորդն էլ նույն հետևանքն են խոստանում՝ այո – այո, կովերի կաթնատվություն և այլն: Սա է ժամանակակից քաղաքական համակարգն ու սրանից պետք է գլուխ հանել: Վերջին տարում գրանցված գլխավոր գիտելիքը սովորական մարդկանց շարքերում միատեսակ «քաղաքական բզիկներ» ունեցողների ու «ժամանակավոր քաղաքացու» վերասերվածների համաճարակային աճն է: Պարադոքսալ կարող է թվալ, սակայն հենց այս հանգամանքն է, որ թույլ չի տա հաջողություններ գրանցել՝ հասարակության լայն շերտերը ժամանակավորապես են «քաղաքացի», իսկ իրականում` ամբոխ: Հայտնի է նաև, որ ամբոխի առջև ակադեմիկոսներն իսկ` հիմարանում են: Հասարակության քաղաքացիականացման տանելի մակարդակի հասնելու խելամիտ ժամկետները մեր երկրի համար , լուրջ մասնագետների գնահատմամբ կարող են 2-3 սերունդ կազմել, մինչդեռ այսօրվա քաղաքական ղեկավարության համոզմամբ մենք հասել ենք այդ մակարդակին: Խնդիրն այստեղ սահմանման մեջ է՝ «քաղաքացին» նա է, ով մեզ հետ «է», իսկ վերջին բանաստեղծությունից հետո գուցե նաև «էր»: Սա չլսված սահմանում է՝ չտեսնված: Վերջին տարին ցույց տվեց նաև, որ իշխանության մեջ վտանգավոր թվով քչերն են, որ չունեն բզիկներ: Վտանգավոր թվով քչերն են զբաղված պետության խնդիրների լուծմամբ: Վտանգավոր թվով քչերն են հասկանում, որ պետության խնդիրները կարող են լուծվել միայն ԿՈՄՊԼԵՔՍՈՎ, այս բառի ամենալայն՝ մաթեմատիկական իմաստով, ընդհուպ մինչև «մուգ սև»:
P.S. Իսկ Դու՛ք, Պանիկովսկի, եթե ցանկանում եք, կարող եք դիմել «Առողջության միջազգային լիգային» և այնտեղ Ձեզ կասեն, որ «բզիկ»-ը հիվանդության պես մի բան է»: