Հայաստանի Հանրապետությունը, որպես լիիրավ անդամ մասնակցել է Բոլիվիայի Լա Պաս քաղաքում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 2-րդ նախարարական համաժողովին:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մեսրոպ Մաշտոցիանվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Ըստ նրա՝ ֆորումի անդամ պետությունների թիվը 9-ն է եղել՝ Բոլիվիա, Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Իտալիա, Պերու: Անդամ պետությունների համաձայնությամբ Հայաստանն անցյալ տարի դարձել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ։
Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ սա համազգային-համապետական նշանակության իրադարձություն է: Ըստ նրա՝ կառույցը ստեղծվել է երեք տարի առաջ Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, և երկու տարին մեկ կազմակերպվում են միջազգային հանդիպումներ, մասնակցում են ԱԳ նախարարության աշխատակիցներ, ինչից վեց ամիս հետո կազմակերպվում է ակադեմիական ֆորում, որտեղ բացի դիվանագետներից, մասնակցում են հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և այլն:
Ֆորումն առաջին անգամ տեղի է ունեցել Աթենքում, երկրորդ անգամ՝ Լա Պասում, և հաջորդը նախատեսվում է անցկացնել Չինաստանում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանում:
Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն ասաց, որ ֆորումը նպատակ ունի առաջին հերթին ոչ նյութական ժառանգության պահպանման, փոխանակման և այլնի համար։ Տեր-Ղևոնդյանը նշեց, որ պետությունների ընտրության սկզբունքը մեկն է. հնագույն քաղաքակրթություն ունենան, առնվազն 2000 տարվա քաղաքակրթություններ ունեցող երկրներ լինեն: Ըստ նրա՝ կարող է հարց առաջանալ, թե ինչու Սիրիան, Լիբանանը չկան: Նա նշեց, որ հավանաբար չեն ընդգրկել քաղաքական ցնցումներից խուսափելու համար, իսկ Հնդկաստանը և Մեքսիկան դիտորդի կարգավիճակ ունեն, գուցեև հետո դառնան լիիրավ անդամ:
Բացի այդ, Մատենադարանի տնօրենը սեփական դիտարկումներն ուներ, թեև, ըստ նրա՝ դրա մասին չեն բարձրաձայնում: Նա ենթադրում է, որ պատճառներից մեկը «Յունեսկոյի» համահարթեցման մոտեցումն է, որ բոլորին հավասար չափեն, անկախ նրանից՝ ինչքանով է հին երկիրը: «Այդտեղ մտածում են՝ այնպես անենք, որ երբ Հունաստանն ու Իտալիան մասնակցում են, Մոզամբիկն ու Բոսնիան չնեղանան»: