Հայաստանի տարբեր վայրերում՝ առանձնատների բակերում, փոքր վանդակներում, ռեստորանային համալիրներում արջեր են պահվում։ Այս հարցը շարունակում է բաց մնալ եւ դրա լուծումը կարող է լինել խոշոր տուգանքի կիրառումը։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց փորձագետ Մանուկ Մանուկյանը։
Նրա խոսքով, Հայաստանում անազատության մեջ պահվում է 50-60 արջ, իսկ թե ինչպես են նրանք հայտնվում մարդկանց բակերում կամ ռեստորաններում, ասաց՝ կամ նվիրում են, կամ որսում․ «Վաղ գարնանը, երբ մայր արջը արթնանում է և քոթոթների հետ դուրս է գալիս որջից, կարող են մորը սպանել, իսկ քոթոթներին բռնելը հեշտ է»,– ասաց նա և առաջարկեց, որ արջի քոթոթներ նվեր ստանալուց ուղղակի չընդունել և եթե արջ պահողները տեղեկանան, թե հետագայում՝ կենդանին մեծանալով, ինչ խնդիրներ է առաջացնելու սեփականատերերի համար, պարզապես արջ չեն պահի։
Նա շեշտեց, որ գորշ արջը Կարմիր գրքում գրանցված կենդանի է, սակայն նրանց պահելու արգելքներ օրենքը չի նախատեսում։ «Բարձր տուգանքների դեպքում արջ չեն պահի»,– ասաց Մանուկ Մանուկյանը։
Ըստ նրա, եղել է նաեւ դեպք, երբ կենդանիներին վերադարձրել են վայրի բնություն․ երկու արջուկների վրա GPS սարքեր են տեղադրել և բաց թողել, սակայն նույն օրը սարքերը ընկել են արջուկների վրայից և նրանց հետևել չի հաջողվել։
Այուամենայնիվ նա կողմ է, որ արջերին բաց թողնեն բնության մեջ, քանի որ արջը մեծ տարածություններ է սիրում․«Ես խորհրդակցել եմ մասնագետների հետ և կարող ենք արջերին բաց թողնել բնություն»,– ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի պրոֆեսիոնալ ձւեով, քանի որ այդ կենդանիները երկար ժամանակ եղել են ձռնասուն, եւ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի նոր միջավայրին ընտելանան։