Արկադի Կարապետյան. «Զարմանալի է, որ մարդիկ, որոնք իրենց համարում են տնտեսագետներ, այդպիսի տարրական բաներ չգիտեն» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արկադի Կարապետյան. «Զարմանալի է, որ մարդիկ, որոնք իրենց համարում են տնտեսագետներ, այդպիսի տարրական բաներ չգիտեն»

Արկադի Կարապետյանը ֆեյսբուքում գրել է.

«Ինձ շարունակում են ուղղակի ապշեցնել մեր իշխող ուժի որոշ գործիչների տնտեսական ոլորտին վերաբերող հայտարարությունները: Ես արդեն սկսում եմ կասկածել, որ նրանք տիրապետում են ինչ-որ գաղթնի գիտելիքի, որը հասանելի չէ հանրության մնացած զանգվածին: Հարգելի պարոնայք, եթե ձեզ հայտնի է ինչ-որ սակրալ գիտելիք, ապա ուղղակի պահանջում եմ, որպեսզի դուք կիսվեք մեզ, հասարակ մահկանացուներիս, հետ: Լուսավորեք մեզ, տգետներին, բացեք մեր առջև միայն ձեզ հայտնի այդ սուրբ գրութունները: Չէ՞ որ դուք եք անընդհատ նշում (տեղին և անտեղին), որ իշխանության գործունեության թափանցիկությունը ձեզ համար ամենակարևոր սկզբունքներից մեկն է:

Ինչի՞ մասին է խոսքս այս անգամ: Ստորև ներկայացված տեսանյությում “ժողովրդի ընտրյալը”, խոսելով ցեմենտի ոլորտում ստեղծված իրավիճակի մասին, օգտագործում է ամենայնդեպս ինձ անհայտ տերմին՝ “շահութաբերության ԽԵԼԱՄԻՏ մակարդակ”: Ի՞նչ է նշանակում այդ բառակապակցությունը!!! Ի՞նչ չափորոշիչով է որոշվում խելամտությունը!!! Ասենք, 5%-ը խելամի՞տ շահութաբերութուն է: Իսկ 100%-ը՞: Ուղղակի անմտություն է: Մրցակցային ոլորտում շահութաբերությունը որոշվում է շուկայական ուժերի ազդեցության ներքո, այլ ոչ թե պատգամավորների կողմից խելամտությունը որոշելու անհայտ հաշվարկների հիման վրա: Պետական կարգավորման խնդիրը՝ տվյալ ոլորտում մրցակցություն ապահովելն է, իսկ շուկան արդեն կորոշի, թե ինչ շահութաբերություն պետք է լինի: Այսինքն, շահութաբերության մակարդակը հետևանք է: Գործող իշխանությունները, նախորդների պես, պայքարում են հետևանքների հետ, իսկ պատճառը՝ մրցակցության բացակայությունը, նրանց ընդհանրապես չի հուզում:

Մեկ ուրիշ անհեթեթության մասին: Տվյալ պատգամավորի ամբողջ message-ի իմաստը հետևյալում է՝ “գործարանը գնվել է $200,000-ով, ինչը աբսուրդ է, քանի որ այդպիսի հսկայական գործարան չէր կարող այսպիսի ցածր վաճարքի գին ունենալ”: Շտապեմ զարմացնել Ձեզ, պարոն. տեսականորեն գործարանը կարող էր ընդհանրապես անվճար անցնել նոր սեփականատերին: Խնդիրը նրանում է, որ ցանկացած բիզնեսի գինը որոշվում է՝ ելնելով նրա ակտիվների և պարտավորությունների մեծությունների հարաբերությունից, ոչ թե արտաքին տեսքից: Բերեմ հասարակ օրինակ: Ինչ-որ X գործարան ունի ակտիվներ $10 մլն-ի (շենքեր, մեքենաներ, ապրանքներ և այլն), բայց միևնույն ժամանակ ունի նաև պարտավորություններ $6 մլն-ի (բանկային վարկեր, աշխատավարձի, հարկերի, ապրանքներ ձերքբերման գծով պարտքեր և այլն): Այս դեպքում գործարանի զուտ ակտիվների մեծությունը, այսինքն՝ նրա գինը, պետք է լինի մոտավորապես $4 մլն-ի կարգի: Հիմա տեսեք՝ եթե պարտավորությունները լինեն մոտ $10 մլն, ապա այդ գործարանի արժեքը զրո է (շատ կոպիտ): Բիզնեսի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ բիզնեսը ձեռք էր բերվում սիմվոլիկ $1-ով: Դա հենց վերը ներկայացված օրինակի պարագայում է տեղի ունեում: Զարմանալի է, որ մարդիկ, որոնք իրենց համարում են տնտեսագետներ, այդպիսի տարրական բաներ չգիտեն: Հիմա մեր դեպքում հայտնի չէ, թե ինչքան էին կազմում զուտ ակտիվները գործարքի ժամանակ: Նրանք կարող էին լինել $200,000, բայց կարող էին նաև այդքան չլինել: Եթե այս հարցը բարձրացնող պատգամավորին, կամ ինչ-որ այլ մարդկանց, հայտնի են թվեր, ապա թող հրապարակեն: Այդ ժամանակ պարզ կլինի, գործարքը “արդար” էր, թե ոչ: Հակառակ պարագայում, այս ամենը նման է ինչ-որ խոհանոցային բամբասանքների, այն էլ շատ ցածր մակարդակի: Հիմա, օրինակ, եթե գործող սեփականատերը հիմքեր ներկայացնի, որ գործարքի ժամանակ գործարանի զուտ ակտիվներն ընդամենը $100,000 էին, ստացվում է, որ նա մի բան էլ ավել է վճարել: Հետևաբար, “ժանրի կանոնների” համաձայն, ինչպես անընդհատ շեշտում է մեր հարգարժան պատգամավորը, արդեն նա պետք է գործարան նվիրի:

Ասածս ի՞նչ է: Շատ զգույշ պետք է լինել այդպիսի գնահատականներ տալու և մեղադրանքներ առաջարկելու մեջ, մանավանդ եթե այդպիսի բարձր ռանգի քաղաքական գործիչ ես հանդիսանում: Չստուգված կամ կիսատ տեղեկատվություն հրապարակելիս (անգամ եթե առաջին հայացքից այնտեղ տրամաբանություն կա) պետք է գիտակցել, որ այն կարող է աշխատել արդեն ձեր դեմ: Եվ այս դեպքում անհարմար դրության մեջ կհայտնվեք ոչ միայն դուք, այլ նաև ձեզ սատարող թիմը, ինչպես նաև ձեզ “երկրպագող” ընտրազանգվածը:

Հ.Գ. Հատուկ չեմ նշում մարդկանց անուններ և կազմակերպությունների անվանումներ: Այստեղ դա սկզբունքային չէ: Այստեղ կարևոր է ստեղծված իրավիճակի էությունը»:



Նման նյութեր