Հայաստանի բնակչությունը յոդի պակաս չունի. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հայաստանի բնակչությունը յոդի պակաս չունի. հետազոտություն

Հայաստանի բնակչությունը յոդի պակաս չունի։ Այս մասին վկայում է հետազոտությունը, որն անցկացվել է ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնը Կոլումբիայի համալսարանի հետ համատեղ և Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ։

Ինչպես NEWS.am Medicine-ին տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան, հետազոտությունը վերահսկվել է Յոդի գլոբալ ցանցի (Iodine Global Network) կողմից։ Դրան մասնակցել է մոտ 1100 մարդ մայրաքաղաքից և հանրապետության բոլոր մարզերից։ Փորձարկվողները բաժանվել են երեք խմբի՝ մինչ սեռական հասունացման տարիքի երեխաներ, հղիներ և վերարտադրողական տարիքի կանայք։ Բոլոր կամավորներից վերցվել է մեզի նմուշ, ինչպես նաև տնային պայմաններում օգտագործվող աղ։

Բոլոր նմուշներն ուղարկվել են անալիզի Բոստոնի խոշոր լաբորատորիա, որը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչներին։

«Ստացված արդյունքների համաձայն՝ Հայաստանի ոչ մի մարզում յոդի պակաս չի հայտնաբերվել։ Այդ ցուցանիշը յոդացված կերակրի աղի պետական ծրագրի արդյունքն են։ Բացի այդ, համաձայն գործող օրենսդրության, յոդացված աղը կիրառվում է նաև հացի, երշիկի, պահածոների արտադրությունում և այլն»- տեղեկացրել է Աղաջանովան։

Սակայն, յոդի պակասի բացակայությունից ելնելով,  ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածությունը։ «Այս դեպքում առաջին պլան է մղվում ժառանգական նախատրամադրվածությունը։ Բացի այդ, դեր կարող են խաղալ նաև շրջակա միջավայրի գործոնները (օրինակ՝ ճառագայթումը, բաց հանքերի շահագործումը)։ Մենք առայժմ տվյալներ չունենք, թե ինչ գործոններ են Հայաստանում ազդում վահանաձև գեղձի հիվանդությունների տարածման վրա։ Հետազոտական աշխատանքը, որն ուղղված է դրա պարզմանը, ներկա պահին շարունակվում է»,- տեղեկացրել է Աղաջանովան։

med.news.am