Կրքեր Գարդասիլի շուրջ. Ինչու՞ են մարդկանց պատվաստում մինչև 45 տարեկանը և ինչպես է հակապատվաստային շարժումն ազդում իմունոպրոֆիլակտիկայի վրա
Advertisement 1000 x 90

Կրքեր Գարդասիլի շուրջ. Ինչու՞ են մարդկանց պատվաստում մինչև 45 տարեկանը և ինչպես է հակապատվաստային շարժումն ազդում իմունոպրոֆիլակտիկայի վրա

Առողջապահության նախարարի 194А հրամանի համաձայն՝ Գարդասիլ-4 պատվաստանյութն այսօր Հայաստանում կիրառում են 45 տարեկանից բարձր մարդկանց համար, սակայն ամերիկյան FDA-ի և հրահանգ ներդիրի որոշ տարբերակների համաձայն՝ պատվաստանյութը նախատեսված է 9-26 տարեկան մարդկանց համար:

Այս մասին Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ երկրում ակտիվորեն գովազդվում և առաջխաղացվում է Գարդասիլ-4 պատվաստանյութը, սակայն հարկավոր է մարդկանց դրա մասին շատ տեղեկատվություն տրամադրել՝ նրանց հնարավորություն տալով տեղեկացված որոշում ընդունել՝ պատվաստվել, թե ոչ: Իսկ 194А հրամանը Գրիգորյանը ոչ իրավաչափ է համարում:

Փաստաթղթերի մի մասում և խորհուրդներում ասվում է, որ պատվաստանյութը նախատեսված է 9-26 տարեկան մարդկանց համար, մյուսներում, որ այն 9 տարեկանից բարձր մարդկանց համար է՝ դրանցում վերին տարիքային շեմ չի նշվում:

Ավելին՝ Հայաստանում օգտագործվող և այստեղ գրանցված պատվաստանյութի հրահանգ ներդիրը, տարբերվում է:

Ինչպես նշեց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, բանն այն է, որ այժմ Հայաստանում օգտագործվում է մարդասիրական օգնության շրջանակում ստացված պատվաստանյութը, որն իր արտաքին տեսքով (փաթեթավորում և ներդիր), բայց ոչ բաղադրությամբ, մի փոքր տարբերվում է երկրում գրանցվածից:

Առողջապահության նախարարության իմունոպրոֆիլակտիկայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր հերթին նշեց, որ ԱՀԿ պաշտոնական դիրքորոշման համաձայն, Գարդասիլը նախատեսված է 9 տարեկանից բարձր մարդկանց համար. 9-13 տարեկան դեռահասները պլանային պատվաստում են անցնում, սակայն ցանկության դեպքում կարելի է պատվաստել նաև 14 տարեկանից բարձր քաղաքացիներին: Իսկ պոպուլյացիայում վիրուսի տարածման արագ կանխման համար խորհուրդ է տրվում անցկացնել այսպես կոչված Catch-up ծրագիր և 15 տարեկանից բարձր մարդկանց պատվաստել:

Իր հերթին «Լույս» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը նշեց, որ այն երկրներում, որտեղ Գարասիլի պատվաստման ծածկույթը առավել բարձր է, նկատվում է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճ:

Նա օրինակ բերեց Ավստրալիան, որտեղ 1991-ից արվում է արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ, իսկ 20007-ից ՄՊՎ դեմ պատվաստում և որտեղ հիվանդացությունն աճել է: Նրա խոսքով նման իրավիճակ է նաև Բրիտանիայում, ԱՄՆ-ում Շվեդիայում և մի շարք այլ երկրներում:

Ինչպես իր հերթին նշեց օնկոգինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, քաղցկեղով հիվանդացությունն աճում է ամբողջ աշխարհում՝ տարեկան մոտ 1,5-4 տոկոսով, ուստի հիվանդացության աճը պատվաստանյութի արդյունավետության մասին ոչ մի բան չի կարող վկայել: Ավելին՝ ինչպես նշեց Հայաստանի Առողջապահության նախարարության մոր և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը, եթե Հայկ Այվազյանի նկարագրած իրավիճակը իրականությանը համապատասխաներ և կապ լիներ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճի ու պատվաստման միջև, վերևում նշված երկրները վաղուց արդեն կվերանայեին իմունոկանխարգելման իրենց ծրագրերը և կդադարեին այս պատվաստանյութն օգտագործել: Մինչդեռ իրականում հակառակն է տեղի ունենում՝ պատվաստանյութն ավելի ակտիվորեն են օգտագործում, իսկ Ավստրալիան ձգտում է դառնալ աշխարհում առաջին երկրներից մեկը, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղ չի գրանցվում:

Օնկոգինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն իր հերթին նշեց, որ Գարդասիլի թեման արդեն վաղուց դուրս է եկել մասնագիտական քննարկման շրջանակից և քաղաքականացվել է: Ավելին՝ Գարդասիլի և արգանդի վզիկի քաղցկեղի մասին մարդիկ են արտահայտվում, որոնք կա՛մ բժշկական կրթություն չունեն, կա՛մ չեն աշխատում ո՛չ գինեկոլոգիայի, ո՛չ օնկոլոգիայի ոլորտներում: Համացանցում հաճախ հրապարակվում են բացահայտ «ֆեյք» հոդվածներ, որոնք հիմնված չեն գիտական փաստերի կամ լուրջ հետազոտությունների վրա, սակայն ազդելով հասարակական կարծիքի վրա՝ կարող են երկրում իրադրության վրա լուրջ բացասական ազդեցություն ունենալ:

Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն, իր հերթին, նշեց, որ Գարդասիլի շուրջ ստեղծված իրադրությունը ազդում է ընդհանրապես իմունացման նկատմամբ բնակչության վերաբերմունքի վրա. վերջին 2 տարում պատվաստանյութերով ծածկույթի ցուցանիշը բոլոր տարիքային խմբերում նվազել է միջինը 2 տոկսով, և սա անչափ վտանգավոր է, քանի որ կարող է բերել պատվաստանյութով վերահսկվող հիվանդությունների բռնկումների և համաճարակների: Օրինակ՝ եթե նախկինում մարդկանց 97-98 տոկոսը ստանում էր պոլիոմիելիտի դեմ պատվաստում, հիմա ծածկույթի տոկոսը նվազել է մինչև 94 տոկոս, չնայած բնակչության պաշտպանվածության լավագույն մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է 95 տոկոսից ոչ պակաս: Եվ եթե ոչ մի բան չձեռնարկվի, գրեթե մոռացված համարվող հիվանդությունները, ինչպիսին է պոլիոմիելիտը, կարող են կրկին բռնկվել:

med.news.am