Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան չափազանց կարևոր է երկկողմ հարաբերությունների համար։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ երկու երկրները վաղուց խորհրդարանական են դարձել։
Վերջին անգամ Վրաստանի խորհրդարանի նախագահը այցով Հայաստանում է եղել 2015թ-ի փետրվարին։ Այդ ժամանակ Վրաստանի խորհրդարանը գլխավորում էր Դավիթ Ուսուպաշվիլին։
Խորհրդարանի գործող խոսնակ Իրակլիա Կոբախիձեի Հայաստան այցելելու մտադրության մասին հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ, սակայն այդ ժամանակ ստույգ ամսաթիվը չէին նշել։ Թեման կրկին արդիական է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկոյի և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են այցի մանրամասները, որոնք չեն հրապարակվել։
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա 2019թ-ի հուլիսին։
«Խոսնակի ժամանակացույցը շատ հագեցած է, ուստի ամսաթիվն առայժմ հաստատված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա հուլիսին։ Դիտարկվում են այցի երկու տարբերակներ», – ասաց Մկոյանը։
Առաջին սցենարով Վրաստնի խորհրդարանական պատվիրակությունը Կոբախիձեի գլխավորությամբ կժամանի Երևան, ինչպես դա լինում է նման այցերի ժամանակ։ Երկրորդ տարբերակով՝ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների խոսնակները փոքր կազմով կհանդիպեն ոչ թե մայրաքաղաքում, այլ Տավուշի մարզում՝ Դիլիջանում կամ Իջևանում։
Ընդհանուր առմամբ վերջին շրջանում ակնհայտորեն նոր միտում է նկատվում երկու երկրների ղեկավարությունների հարաբերություններում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու անգամ հանդիպել են ոչ մայրաքաղաքներում։ Հանուն արդարության պետք է նշել, որ հանդիպումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։
Մկոյանը դրական է գնահատում գալիք այցը։ Նա վստահ է, որ դա առաջին հերթին թույլ կտա Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակներին ծանոթանալ միմյանց հետ։ Դրանից հետո կարելի է խոսել համագործակցության մակարդակը բարձրացնելու և այդ ուղղությամբ կապերն ակտիվացնելու մասին։
Վրացագետ Ջոնի Մելիքյանը նույնպես կարևոր է համարում այցը հայ-վրացական հարաբերությունների համար, սակայն, նրա կարծիքով, այն մի քիչ ուշացած է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am