Սյունե Սևադայի հրապարակումը.
«Այսօր փոքր հասակով մեծ մարդու ծննդյան օրն է։ Իր գրքերից մեկից ամենասիրածս հատվածը՝ ստորև։
Ձախողում ձախողման ետևից: Ոչինչ չի ստացվում: Դահլիճից բղավում են` բավական է, սուլում են և վերջ ի վերջո բեմից դուրս վռնդում: Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. «Այն մարդը, որ ինքն իրեն չի ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է»:
Մի կերպ տուն վերադարձա ու փուլ եկա անկողնու վրա: Ոտքերս ծանրացել են, շարժումներս` անշնորք, բայց ուղեղս դեռ աշխատում է ասածիս ուղղությամբ: Ինձ դուր է գալիս մտքիս խորությունը: Մի կերպ անկողնուց վեր կացա, փուլ եկա աշխատասեղանիս աթոռին ու գրեցի հետևյալը, որը և պահեցի ողջ կյանքիս ընթացքում. «Որո՞նք են իմ պակասություները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:
Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:
Հասակս ինչ որ է` 1մ 64 սմ, նույնպես անհնար է ուղղել: Ռետինե հաստ ներբաններով կոշիկներ չեմ կարող հագնել: Միակ փորձը, որ արեցի մի քանի սանտիմետր շահելու համար, խայտառակ վախճան ունեցավ. Միացյալ Նահանգների իմպրեսարիոնները կարծում էին, որ երկու ոտքից էլ կաղ եմ: Մի լուծում կա միայն` եղածով յոլա գնալ ու մոռացնել տալ այդ պակասությունը:
Շարժումներս կարճահասակ մարդու շարժումներ են` կարճ, չոր ու կտրուկ: Այսուհետև պետք է աշխատեմ կլորացնել շարժումներս ու դանդաղ քայլել: Ինձ խանգարող կոմպլեքսից ազատվելու համար 1մ 64 սմ-ից բարձր դռնով անցնելիս անգամ պիտի կռանամ այնպես, ինչպես բարձրահասակները:
Կրթությանս պակասը. մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթնամյա կրթության վկայականը. ոչինչ մենակ չեմ սովորել: Սովորում են միայն ուրիշներին լսելով:
Ճշմարտախոսությունս. անուղղելի եմ. անարդարության հանդիպելիս ոռնում եմ: Ուզածդ մարդուն գրողի ծոցն եմ ուղարկում, երբ ցանկություն է առաջանում:
Անհատականության պակասը. ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում: Նկատում են, բայց ժպտում:
Թուլակազմ, երկչոտ, վախվորած երեխայից, ինչպես ծնվել եմ, պետք է դառնամ ուժեղ մարդ` միևնույն ժամանակ պահպանելով բարոյական նորմերը, որ ծնողներս են ներարկել` լինել զգայուն ու արտասվելու ընդունակ:
Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան` առանց ժխտելու անցյալը; Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս` համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը»:
Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ: Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձնից: Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ: Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում:
Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով: Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս: Հանկարծ մի անսովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ: Կանգնած անկողնուս մոտ, հանկարծ զգացի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառն այն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ»։
© Շառլ Ազնավուր