ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիություն ստացած «ԳՄՕ երեխաները» հայտնվել են վաղաժամ մահվան վտանգի առաջ
Advertisement 1000 x 90

ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիություն ստացած «ԳՄՕ երեխաները» հայտնվել են վաղաժամ մահվան վտանգի առաջ

ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիություն ստացած «ԳՄՕ երեխաները» հայտնվել են վաղաժամ մահվան վտանգի առաջ: Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ժամանակի ընթացքում վաղաժամ մահվան հավանականությունը նրանց մոտ մեծանում է 21 տոկոսով:

Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ) Ռասմուս Նիլսենը նշում է, որ ԴՆԹ-ում փոփոխությունները չափազանց վտանգավոր են՝ հաշվի առնելով հնարավոր հետեւանքների մասին տեղեկությունների բացակայությունը: ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիությունը կարող է բնածին, չնայած եւ հազվադեպ հանդիպող անոմալիա լինել: Խոսքը CXCR4 եւ CCR5 կոռեցեպտորներում մուտացիաների մասին է:

Միաժամանակ, գենոմների տվյալների վերլուծությունը, որոնք ընդհանրացվել են Biobank ծավալուն նախագծի շրջանակում, հետաքրքիր պատկեր է պարզել: Այսպես՝ տարեց բրիտանացիները, որոնք գենետիկ մակարդակում ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիություն ունեին, իրենց հասակակիցներից 21 տոկոսով ավելի հաճախ էին մահանում, ընդ որում՝ այս խզումը տարիքին զուգահեռ մեծանում էր: Ո՞րն է սրա պատճառը: Գիտնականներն առայժմ այս հարցի պատասխանը չունեն: Սակայն նրանք չեն բացառում, որ CCR5-ի պատճենի վնասումը, որն ապահովում է ՄԻԱՎ հանդեպ օրգանիզմի կայունությունը, մարդուն ավելի խոցելի է դարձնում այլ հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի հանդեպ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանում ծնվել էին առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երեխաները, որոնք ՄԻԱՎ-ի հանդեպ անընկալունակ են: Նրանց «հայրը»՝ կենսաբան Ցզյանկույ Հեն պնդում էր, որ փոփոխություն է կատարել CCR5-ը կոդավորող գենում:

med.news.am