Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է բազմաթիվ երկրներում հունիսի 12-ը նշվում է Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատահական չի գնացել նման քայլի:
«Վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում բնակիչների 25-30 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդություններով: Հիվանդությունների բեռը բավական ծանր է, իր տեղը չի զիջում լյարդի ախտահարումներին, մահացության ցուցանիշը բարձր է: Լյարդի ճարպակալումը համարվում է ռիսկի գործոն ոչ միայն լյարդում առաջնային ուռուցքի զարգացման հավանականության համար, այլև ստեղծում է պայմաններ օրգանիզմում տարբեր օրգանների ուռուցքագոյացման համար: Հենց այս բոլոր հատկանիշները հաշվի առնելով՝ նշվում է, որ այն համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա»,-ասաց Հասմիկ Ղազինյանը:
Խոսելով լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդացության հայաստանյան տվյալների մասին՝ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ տվյալների վերջնական հավաքագրում դեռ չկա, սակայն նախնական տվյալներով նման խնդրին բախվողների թիվը կազմում է 30-40 տոկոս: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիր լինում է հիմնականում 45-ից բարձր անձանց մոտ: Ռիսկերն են շաքարային դիաբետը, նյութափոխանակության խանգարումը, ավել քաշը, բարձր ճնշումը և այլն:
Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիրներ ի հայտ են գալիս երիտասարդների, նույնիսկ երեխաների մոտ: Իհարկե, գենետիկ գործոնը նույնպես կա, սակայն ոչ պակաս կարևոր է ոչ առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունը:
«Սխալ սնունդը, ֆիզիկական պասիվությունը կարող է պատճառ լինել լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման համար: Անհրաժեշտ է նախ և առաջ չհրաժարվել նախաճաշից: Օրվա մեջ ուտել ոչ թե մեկ անգամ, այլ 3-4: Նախապատվությունը տալ ոչ ճարպոտ ուտելիքներին, հրաժարվել գազավորված ըմպելիքներից, քիչ օգտագործել տապականեր, զբաղվել սպորտով կամ քայլել, վազել: Իսկ ինչ ենք անում սովորաբար, ուտում ենք օրվա մեջ մեկ անգամ, ընդունում ենք ծանր սնունդ, և ոչ մի ֆիզիկական գործողություն չենք կատարում»,-ասաց Արեգնազ Մխիթարյանը:
Հունիսի 12-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է, որն առիթ է մեկ անգամ ևս խոսելու այդ հիվանդությունների տարածվածության, կանխարգելման մասին: