Հայաստանում պոլիկլինիկաները հերթով էլեկտրոնային հերթագրման կանցնեն։ Բժիշկների սենյակների առջև այսուհետ հերթ հարցնող չի լինի, իսկ կշահի՞ դրանից քաղաքացին, թե՞ ոչ` ներկայացնում ենք հրապարակման մեջ։
Հայաստանում առաջին անգամ պոլիկլինիկաներից մեկում ներդրվել է էլեկտրոնային ընդունարան-համակարգը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի այցելուներն այսուհետ էլեկտրոնային հերթագրմամբ են բժշկին այցելելու, այսինքն` հերթում սպասելիս «ո՞վ է վերջինը» տարբերակն այլևս չի աշխատելու։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ընդունարանը
Այցելուները պետք է մոտենան ընդունարան, հայտնեն իրենց տվյալները ու հետո մեկ այլ պատուհանից վերցնեն կտրոն, որի վրա նշված է լինելու` կոնկրետ որ ժամին է բժիշկն իրենց ընդունելու։
Sputnik Արմենիան, սակայն, արդեն իսկ բողոքներ է ստացել քաղաքացիներից` վերոհիշյալ պոլիկլինիկայում հերթերի առկայության վերաբերյալ։ Քաղաքացիները նշում են, որ կտրոնի վրա նշված ժամը գալիս–անցնում է, սակայն իրենց հերթն այդպես էլ չի հասնում։ Այցելեցինք պոլիկլինիկա` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանի հետ շրջեցինք հարկերով ու զրուցեցինք այցելուների հետ։ Դիանա Չիչակյանը, որը պետք է թերապևտին այցելեր, նշեց, որ իր համար սահմանված ժամից, օրինակ, արդեն 10-15 րոպե է անցել։ «Իմ հերթը 14։30–ին պետք է հասներ, սակայն 14։45 է ու դեռ մեկ այցելու էլ կա ինձնից առաջ։ Բացի այդ, ինձ հետաքրքրում է հարցը` եթե թերապևտն ինձ որևէ ստուգման ուղարկի ու հետո ես հետ գամ` ի՞նչ եմ անելու, պետք է արտահե՞րթ մտնեմ ներս, թե՞ նորից հերթագրվեմ»,–ասաց նա։
Իրենց հերթին սպասող քաղաքացիները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում