Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների եւ գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) փորձագետները կոչ են անում չշտապել կեսարյան հատում անել, եթե հղի կնոջ պտղաջրերը հեռացել են մինչեւ հղիության 37-րդ շաբաթը։
Նրանց կարծիքով՝ անգամ պտղաջրերի վաղ հեռացման դեպքում հղիությունը կարող է հաջող շարունակվել։ Նրանք կոչ են անում անել հնարավոր ամեն բան, որպեսզի կինը կարողանա հղիությունը հասցնել գոնե 34-րդ շաբաթվան։
Կարծիք կա, որ պտղաջրերի վաղ հեռացումն ավելացնում է վարակի ներթափանցման եւ սեպսիսի առաջացման վտանգը նորածինների համար։ Բայց հետազոտողները պարզել են, որ պտղաջրերի վարակման եւ սեպսիսի առաջացման հաճախականության էական տարբերություն շտապ ծննդաբերության եւ պտղաջրերի հեռացումից հետո հղիության շարունակման ժամանակ չկա։ Ավելին, հենց վաղ ծննդաբերության ժամանակ է բարձրանում շնչառական դիսթրես-ախտանշանի առաջացման հավանականությունը, որը զուգորդվում է երեխայի թոքերի անլիարժեք զարգացման հետ։ Իսկ ժամանակին ծնված երեխայի մոտ նման խնդիրների ռիսկը նվազում է։
Իրենց հետազոտությունում փորձագետները վերլուծել են ավելի քան 3600 հղի կանանց տվյալները, որոնք բախվել են պտղաջրերի վաղ հեռացման խնդրին։ Պարզվել է, որ եթե նման հանգամանքներում ծննդաբերության գործունեությունը չխթանվի, ապա դեպքերի կեսի պարագայում ծնունդն սկսվում է մեկ շաբաթվա ընթացքում։ Հաճախ հղիությունը շարունակվում է եւս մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս, ինչը թույլ է տալիս ծննդաբերել ավելի առողջ երեխա։ Ուստի, մասնագետները կոչ են անում առանց լուրջ պատճառների չդիմել կեսարյան հատման, անգամ եթե պտղաջրերը հեռացել են ժամանակից շուտ։