Շատերի սիրելի՝ բազմոցին նստած հեռուստացույց դիտելը առողջության համար լուրջ վտանգներ է պարունակում։
Համաձայն Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (ԱՍԱ) հետազոտության՝ նրանք, ովքեր հեռուստացույցի առջեւ անցկացնում են ավելի քան չորս ժամ օրական, սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ավելի մեծ հավանականություն ունեն, 50 տոկոսով ավելանում է նրանց վաղ մահվան հնարավորությունը նրանց համեմատ, ովքեր հեռուստատեսային ծրագրերը նայում են երկու ժամ։ Ընդ որում՝ վտանգը բազմոցին նստած հեռուստացույց նայելու մեջ է, ինչը փորձագետները կապում են ֆիզիկական բեռնվածության բացակայության հետ՝ անառողջ սննդի սպառման ֆոնին։
15 տարեկանից բարձր ամերիկացիները միջինը հեռուստացույց դիտում են մոտ 2 ժամ 46 րոպե օրական։ ԱՍԱ հետազոտությունում ներգրավվել է 3592 մարդ, որոնց զննումները կատարվել են 8,5 տարի։ Թվում էր, թե սեղանի շուրջ եւ բազմոցին նստելու միջեւ առանձնակի տարբերություն չպետք է լիներ, բայց գիտնականները հակառակն են պարզել։ Մարդկանց մեծ մասը բազմոցին նստած հեռուստացույց դիտելիս մի քանի ժամ գրեթե տեղից չի շարժվում։ Բացի այդ, սովորաբար երեկոյան մարդիկ ավելի շատ սնունդ են օգտագործում, հաճախ՝ անառողջ մթերքներ։ Արդյունքում՝ ստացվում է առատ ընթրիքի եւ ֆիզիկական ակտիվության լիակատար բացակայության վնասակար համադրում։
Այնինչ նրանք, ովքեր զբաղվում են սպորտով, կարող են փոխհատուցել երկնագույն էկրանի առջեւ երկարաժամ հանգստի պատճառած վնասը։ Սրտաբանները խորհուրդ են տալիս նաեւ փոխել սակավ ակտիվ հանգիստը եւ ժամանակ տրամադրել ոչ երկարատեւ զբոսանքին։ Բացի այդ, արժե վերանայել երեկոյան կերակրացանկը, կրճատել չափաբաժինները եւ ճարպոտ ու տապակած սննդի փոխարեն ուտել ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն։