Ցավոք, մինչև հիմա բոլորը չէ, որ հասկանում են, որ «Շտապօգնություն» պետք է կանչել միայն այն դեպքում, երբ կա անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն։ Այս մասին ասել է «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հուլիսի 9-ի մամուլի ասուլիսում։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ընդհանուր կանչերի միայն 25 տոկոսն է ավարտվում հիվանդի հոսպիտալացմամբ։ «Հաճախ մենք կատարում ենք ընտանեկան բժշկի գործառույթ»,- նկատել է նա։ Ստեփանյանը ուշադրություն է դարձրել այն բանին, որ ոմանք «շտապօգնություն» կանչում են օրը մի քանի անգամ։ Այնինչ, կանչը մերժելու մեխանիզմներ չկան։ Արդյունքում՝ տեղի են ունենում միանգամայն տարօրինակ կանչեր՝ մի բաժակ ջուր բերել կամ լամպը փոխել։
Ստեփանյանը նաև բացասական գնահատական է տվել «Շտապօգնության» բժիշկների վրա հարձակումների դեպքերին։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է մեկ շաբաթ առաջ, երբ, հիշեցնենք, 55-ամյա տղամարդը դանակով հարձակվել էր բժշկի վրա՝ սպառնալով սպանել նրան։ Ստեփանյանը տեղեկացրել է, որ այն դեպքերում, երբ բրիգադը պետք է կանչի մեկնի թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածի մոտ, ապա բժիշկներին անպայման ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները։
Ինչ վերաբերում է նրան, թե զիջում են արդյոք վարորդները ճանապարհը «Շտապօգնության» մեքենային, ապա այստեղ, ինչպես նշվեց, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է դեպի դրականը, թեև, խցանումների դեպքում, ճանապարհների բեռնվածությունն այնքան ուժեղ է լինում, որ «Շտապօգնությունը» անգամ կուտակումները շրջանցել չի կարողանում։ Ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելն այս տարի դարձել է երկու ՃՏՊ-ի պատճառ «Շտապօգնության» մեքենաների մասնակցությամբ։ Ստեփանյանը նշել է, որ քննչական միջոցառումների ավարտից հետո երկու մեքենաները կնորոգվեն։