Արդո՞ւկ, թե՞ հարթուկ
Advertisement 1000 x 90

Արդո՞ւկ, թե՞ հարթուկ

Սկսենք պրպտել…

Ակադեմիական «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում», Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանում» ևն «արդուկ» բառի բացատրությունը համապատասխանում է բոլորիս հայտնի կենցաղային սարքի նկարագրությանը:

Նշված և այլ բառարաններում կա նաև «հարթուկ» բառը, որից հղում է արվում «արդուկ»-ին: Իսկ ուղղագրական բառարաններից (Ա. Ղարիբյան, Գ. Շեկյան, «Դպրոցական ուղղագրական բառարան», Հ. Բարսեղյան, «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան», Ա. Սուքիասյան, Ք. Սուքիասյան, «Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան» ևն) «հարթուկ», «հարթուկել», բառերը հիմնականում բացակայում են, կան միայն «արդուկում», «արդուկիչ» տարբերակները:

Շարունակենք թերթել բառարանները: Ռ. Նազարյանի, Ա. Գյոդակյանի «Հայերեն ուղղագրական դպրոցական բառարանում» «հարթուկ»-ը ներկայացվում է, բայց որպես խոսակցական բառ: Ս. Գալստյանի «Դպրոցական բառակազմական բառարանը» հարթուկ-ը համարում է արդուկ-ի խոսակցական տարբերակը:

Հարց է առաջանում՝ ծանոթ ու անհրաժեշտ այս սարքի անունը «հա՞րթ» բառի հետ է կապված, թե՞ «արդ»:

Դիմենք այս բառերի ստուգաբանությանը: Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» արդ-ը մեկնաբանվում է որպես «ձև» (Հր. Աճառյանը, Գ. Ջահուկյանը, Պ. Բեդիրյանը և այլք այս արդ-ը տեսնում են զարդարել, հարդարել, գմբեթարդ, խորանարդ, արդար և շատ այլ բառերում), իսկ հարթ-ի իմաստը հայտնի է՝ «տափակ, ողորկ» ևն:

Աճառյանը արդ-ից առաջացած «հարդար(ել)» բառը բացատրում է որպես «ողորկ», որը «հարթ» է նշանակում: «Արդակ» բառն էլ նա մեկնաբանում է որպես «հարթ» (արդակագույն-ը՝ շատ հարթ), իսկ արդուկել-ը բացատրում է՝ «ութույով հարթել»՝ ակամա հուշելով, որ գուցե արդ-ն ու հարթ-ը իմաստաբանական կապ ունեն:

Պետրոս Բեդիրյանն իր «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքում ճիշտ է համարում բառի միայն «արդուկ» ձևը՝ բացատրելով, որ կենցաղային այս առարկան կապ չունի «հարթ» բառի հետ, և որ արդուկելը ոչ թե հագուստը հարթեցնելն է, այլ նրան ձև տալը։ Հարթեցնելու հետ կապելը համարվում է ժողովրդական ստուգաբանություն:

Հիմա արդո՞ւկ, թե՞ հարթուկ:

Երազիկ Գրիգորյան

langcom.am