Գերմանացի երեխաների մեծ մասի օրգանիզմում պլաստիկի մանր մասնիկներ են գտել
Advertisement 1000 x 90

Գերմանացի երեխաների մեծ մասի օրգանիզմում պլաստիկի մանր մասնիկներ են գտել

Ուսումնասիրության ենթարկված մինչեւ 17 տարեկան գերմանացի երեխաների մեծ մասի օրգանիզմում գիտնականները հայտնաբերել են պլաստիկի մանր մնացորդներ։ Նման եզրակացության են եկել Գերմանիայի Շրջակա միջավայրի պահպանության դաշնային նախարարության եւ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի հետազոտողները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Der Spiegel-ին։

2014-2017 թվականներին գիտնականները հետազոտել են մոտ 2500 երեխաների եւ մի քանի ամսականից մինչեւ 17 տարեկան դեռահասների մեզը։ Ստացված նմուշներում նրանք որոնել են պլաստիֆիկատորների (նյութեր, որոնք մտնում են ժամանակակից պլաստմասսայի բաղադրության մեջ) մնացորդներ։ Դրանք առաջ են գալիս այն բանի հետեւանքով, որ օրգանիզմը մասամբ է մարսում պլաստիկը, որը հայտնվում է այնտեղ սննդամթերքների փաթեթների, խաղալիքների մասերի եւ խմելու ջրի հետ միասին, որը հաճախ փաթեթավորվում է պլաստիկե տարայով։

Պլաստմասսայի հետքեր մասնագետները գտել են հետազոտված երեխաների 97 տոկոսի մոտ։ Այդ նյութերը պլաստիկի 11 տեսակներ են ներկայացրել։

Ինչպես ընդգծել է հետազոտության հեղինակներից Մարիկա Կոլոսա-Գերինգը, գիտնականների աշխատանքը միանշանակ վկայում է, որ երեխաների եւ դեռահասների օրգանիզմում ակտիվորեն կուտակվում են պլաստիֆիկատորներ եւ ժամանակակից պլաստիկի այլ բաղադրիչներ։

«Մեզ ամենից շատ տագնապեցնում է այն, որ մենք գտել ենք պլաստիկի հետքեր փոքր երեխաների օրգանիզմում։ Դա բացատրվում է նրանով, որ արդյունաբերությունն ավելի ակտիվ է ներդնում պլաստիկե տարաները՝ հրաժարվելով դասական ապակե բանկաներից եւ շշերից, որոնք բացարձակապես չեզոք են ցանկացած միջավայրի հանդեպ»,- նշում է Կոլոսա-Գերինգը։

news.am