Սեպտեմբերի 21-ը Ալցհեյմերի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 21-ը Ալցհեյմերի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1994 թվականից սկսած՝ սեպտեմբերի 21-ն աշխարհում նշվում է որպես Ալցհեյմերի դեմ պայքարի օր (World Alzheimer’s Day):

Ալցհեյմերի հիվանդությունը առաջնային դեգեներատիվ դեմենցիա է, որն ուղեկցվում է հիշողության խանգարման, մտավոր գործունեության եւ այլ ֆունկցիաների խանգարման հարաճմամբ եւ հանգեցնում է տոտալ թուլամտության։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ ունի դեմենցիա: Ալցհեյմերի հիվանդության թիրախում առաջին հերթին տարեց մարդիկ են, սակայն կարող է հանդիպել նաեւ ավելի վաղ տարիքում՝ 40 տարեկանից հետո (5% դեպքերում): Նման դեպքերում այն ավելի շատ ժառանգական բնույթ է կրում:

Դեմենցիայի վաղ շրջանը հաճախ աննկատ է մնում, քանի որ զարգանում է աստիճանաբար, սակայն կան նախազգուշացնող նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

1. Վաղ Ալցհեյմերի ժամանակ երկարաժամկետ հիշողությունը չի վնասվում, մինչդեռ կարճատեւ հիշողությունը դառնում է մթագնած: Ձեր հարազատը կարող է մոռանալ Ձեզ հետ ունեցած խոսակցությունները, կարող է կրկնել հարցերը, որոնց Դուք բազմիցս պատասխանել եք: Հիվանդությունը ազդում է նաեւ խոսքի վրա. նա կարող է դժվարությամբ հիշել եւ արտաբերել հաճախ գործածվող բառերը:

2. Բացի հիշողության կորստից, Ալցհեյմերը կարող է շփոթվածության եւ վարքագծի խանգարումների պատճառ դառնալ: Ձեր հարազատը կարող է մոլորվել իրեն քաջ ծանոթ վայրերում:
Տրամադրության տատանումները եւ դատելու ունակության նվազելը նույնպես հաճախ հանդիպող նշաններից են: Նա կարող է պարագաները գործածել ոչ ճիշտ  նշանակությամբ, օրինակ` պատառաքաղը կարող է գործածել որպես ծամակալ եւ այլն:

Մարդիկ, որոնք միշտ հագնվում էին շատ կոկիկ եւ նորաձեւ, սկսում են ուշադրություն չդարձնել հագուստի մաքրությանը եւ կոկիկությանը, մոռանում են անգամ լոգանք ընդունել:

3. Ալցհեյմերը վնասում է կենտրոնանալու կարողությունը, որի պատճառոց Ձեր սիրելին չի կարողանում կատարել առօրյա պարզ գործողությունները: Օրինակ` ճաշ պատրաստելը կամ ամսական վարձավճարումներ կատարելը:

Ցավոք, Ալցհեյմերը չունի բուժում: Չկա մի միջոց, որը կարող է դանդաղեցնել գլխուղեղի նյարդային հյուսվածքի վնասումը: Սակայն կան դեղամիջոցներ, որոնք օգնում են պահպանել մտավոր կարողությունները եւ դանդաղեցնել հիվանդության ախտանիշների զարգացումը:

doctors.am