Միգրենը կարելի է արդյունավետ կերպով կառավարել: Ըստ հետազոտողների, սակայն, պացիենտները չեն ճանաչում ախտանշանները, ինչի պատճառով սխալ բուժում են ստանում, հայտնում է Medical Press-ը:
Հոգեբանության հետազոտական դպրոցի բժիշկ Սթեֆանի Գուդհյուն ասում է, որ կատարված հետազոտությունն ընդգծում է հանրային առողջապահության քարոզարշավի անցկացման անհրաժեշտությունը հանրույթներին միգրենի բուժման մեթոդների և առանձնահատկությունների որոշման մասին տեղեկացնելու համար:
«Միգրենն ավելին է, քան գլխացավը: Սա անհավանականորեն հաշմող հիվանդություն է, որը նույնքան անհավանականորեն տարածված է՝ բնակչության մոտ 15 տոկոսը տառապում է միգրենով,- նշել է նա: – Յուրահատկությունն այն է, որ նյարդաբանական վիճակների շարքում միգրենը ամենաչախտորոշված կամ սխալ ախտորոշված վիճակներից է: Մարդկանցից շատերի մոտ առկա է միգրեն, բայց նրանք դրա գոյությունը չեն գիտակցում: Մարդիկ մտածում են, որ գլխացավը խնդիր չէ, իսկ միգրենը սոսկ գլխացավ չէ: Դա շատ ավելի ուժգին ցավ է, որը կարող է ուժասպառ անել»:
Հետազոտությունը ցույց է տվել, որ միգրենով տառապող յուրաքանչյուր հինգերորդ մարդը տեղյակ չէր կանխարգելող դեղամիջոցների մասին, ներառյալ բոտոքսը, որոնց կարող է հասանելիություն ունենալ: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդը չգիտեր հզոր դեղամիջոցներով բուժվելու հետ կապված վտանգներից ոչ մեկի մասին, որոնք հաճախ օգտագործվում են այս հիվանդության բուժման համար:
«Հզոր դեղերը կարող են կարճաժամկետ հեռանկարում ցավը զգալիորեն մեղմել, սակայն դրանք օգտագործելիս այլ ռիսկեր էլ կան»,- ասում է Գուդհյուն:
Նրա խոսքով՝ պրակտիկ բժիշկների խնդիրն այն է, որ չկա ընդհանուր կենսաբանական մարկեր, որը ցույց կտար միգրենը: