Ապագան արդեն իրական է. 3D ավտոմատացված ծավալուն սոնոգրաֆիան կօգնի հայտնաբերել կրծքում ամենամանր քաղցկեղային ուռուցքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ապագան արդեն իրական է. 3D ավտոմատացված ծավալուն սոնոգրաֆիան կօգնի հայտնաբերել կրծքում ամենամանր քաղցկեղային ուռուցքները

Կանանց 40 տոկոսն ունի խիտ կրծքագեղձեր, ինչի հետեւանքով վաղ փուլում կրծքի քաղցկեղի ախտորոշումը բավականին բարդ է: Ինչպես NEWS.am Medicine-ին պատմել է «Աստղիկ» ԲԿ-ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանը, եթե կնոջ կրծքում ֆիբրոզ-գեղձային հյուսվածքն ավելի շատ է, քան ճարպայինը, ապա փոքրիկ քաղցկեղային ուռուցքը կարող է «թաքնվել» այդ հյուսվածքների հետեւում եւ մնալ անտեսանելի մամոգրաֆիայի համար:

«Խիտ» կրծքով կանայք 4-6 անգամ ավելի հաճախ են բախվում կրծքագեղձի քաղցկեղի հետ, եւ եթե անցկացնել միայն մամոգրաֆիկ հետազոտություն առանց սոնոգրաֆիայի, ապա հնարավոր է չնկատել նոր զարգացող ինվազիվ քաղցկեղը. յուրաքանչյուր երրորդ դեպքում ուռուցքը հնարավոր է չհայտնաբերվի ժամանակին: Այն հայտնաբերելու շանսերն ավելանում են, եթե սքրինինգային հետազոտությունների շրջանակում համատեղել մամոգրաֆիան սոնոգրաֆիայի հետ: Իսկ եթե սովորական երկչափ սոնոգրաֆիայի փոխարեն կիրառվի կրծքագեղձերի ավտոմատ եռաչափ սքանավորման նորարարական ուլտրաձայնային համակարգը, ապա անգամ 5-միլիմետրանոց ուռուցքը որեւէ հնարավորություն չի ունենա ռադիոլոգի աչքից վրիպելու համար:

Ինչպես պատմել է Նունե Մաշուրյանը, ներկայումս «Աստղիկ» բժշկական կենտրոնում ժամանակավորապես կիրառվում է Invenia ABUS սարքը, որը սքանավորում է ամբողջ կուրծքն ու ներկայացնում եռաչափ պատկերներ, որոնք շատ ավելի ինֆորմատիվ են, քան երկչափ սքանավորման արդյունքում ստացված նկարները:

Այդ սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել 55 տոկոսով ավելի շատ ինվազիվ քաղցկեղի դեպքեր խիտ կրծքագեղձերի դեպքում եւ 37 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի հայտնաբերումն ընդհանուր առմամբ՝ ի տարբերություն միայն մամոգրաֆիա անցկացնելու դեպքերին:

Մի քանի օր առաջ այդ սարքն օգնել է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղ 39-ամյա կնոջ մոտ: Այդ կնոջ կրծքում արդեն 8 տարի կար 10-սանտիմետրանոց նորագոյացություն: Մամոգրաֆիկ եւ սոնոգրաֆիկ հետազոտությունները ցույց են տվել, որ նորագոյացությունը բարորակ է եւ վտանգ չի ներկայացնում: Բժիշկը, սակայն, ուշադրություն էր դարձրել արտասովոր փոքր եւ գրեթե աննկատ կետին՝ ուսուցքի հատվածից մի փոքր հեռու գտնվող: Այն գրեթե չէր տարբերվում հարեւան հյուսվածքներից, եւ, դատելով մամոգրաֆիկ նկարներից, դժվար էր հասկանալ, թե ինչ էր այն իրենից ներկայացնում:

Այդժամ պացիենտն անցել է եռաչափ սոնոգրաֆիա Invenia ABUS-ի միջոցով, որը հստակորեն ցույց է տվել, որ հազիվ նկատվող հետքն, ըստ ամենայնի, քաղցկեղային ուռուցք է: Բիոփսիան հաստատել է դա: Ինչպես նշել է բժիշկ Մաշուրյանը, պացիենտը բավականին հաջողակ էր, որ այդ ուռուցքը հայտնաբերվել էր շատ վաղ շրջանում. նա այժմ ունի բուժվելու իրական շանսեր:

«Այսօր մեր գերխնդիրն է հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում, ոչ թե 2-3-րդ եւ առավելեւս 4-րդ փուլում: Եթե կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում, երբ ուռուցքը դեռեւս շատ փոքր է, բուժման շանսերը շատ մեծ են: Եռաչափ սոնոգրաֆիայի օգնությամբ մեզ հնարավորություն է տրվում հայտնաբերել այնպիսի ուռուցքներ, որոնք դեռեւս երկար ժամանակ չէին նկատվի ոչ մամոգրաֆիկ, ոչ էլ սովորական սոնոգրաֆիկ հետազոտությունների դեպքում», – նշել է մասնագետը:

med.news.am