Հոռետեսներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից
Advertisement 1000 x 90

Հոռետեսներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից

Ամերիկյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ հոռետեսներն ավելի հաճախ են հիվանդանում և մահանում սիրտ-անոթային հիվանդություններից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով JAMA Network Open-ին։

Մասնագետները՝ Ալան Ռոզանսկու գլխավորությամբ, ուսումնասիրել են 15 գիտական աշխատանք, որոնց հեղինակները վերլուծել են մոտ 230 հազար մարդու տվյալները։ Այդ հետազոտությունները միջինը տևել են 40 տարի, իսկ լավատեսներին կամ հոռետեսներին մասնակիցների մեջ որոշել են հարցարանների օգնությամբ։ Հետազոտությունների մի մասում դրանք կազմված են եղել ընդամենը մեկ հարցից, իսկ մյուսներում ներառվել են ավելի շատ թվով հարցեր։ Այդ հետազոտությունների մեծ մասը (ութ) կատարվել է ԱՄՆ-ում, մնացածը՝ Եվրոպայում (հինգ), Իսրայելում և Ավստրալիայում (մեկական)։

Վերլուծության արդյունքը ցույց է տվել, որ լավատեսները սիրտ-անոթային հիվանդություններ 35 տոկոսով ավելի քիչ են ստանում, քան հոռետեսները։ Իսկ վաղ մահանալու հավանականությունը լավատեսների համար կազմում է 14 տոկոսով պակաս, քան հոռետեսների պարագայում։

Ստացված արդյունքները գիտնականները կարող են բացատրել միայն վիճակագրությամբ, իսկ ճշգրիտ կենսաբանական մեխանիզմներ, որոնք կապված կլինեին դրա հետ, աշխատանքի հեղինակները չեն պարզել։ Նախորդ հետազոտությունները, որոնց հեղինակները համեմատել են լավատեսների և հոռետեսների կյանքի տևողությունը, տարբերությունը բացատրել են նրանով, որ առաջիններն ավելի հաճախ են զբաղվել սպորտով, ուշադրություն դարձրել առողջ սննդին, զբաղվել են նաև հակասթրեսային թերապիայով։

Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գիտական աշխատանքը թերություններ ունի։ Նախ՝ բոլոր հետազոտությունները, որոնք վերլուծել են դրա հեղինակները, աշխարհագրորեն սահմանափակված են հիմնականում ԱՄՆ-ով և Եվրոպայով։ Երկրորդ սահմանափակումը հետազոտությունների տարբեր տևականությունն է, երրորդը լավատեսներին և հոռետեսներին պարզելու տարբեր միջոցներն են։ Այնպես որ՝ դեռ ստուգել է պետք, թե արդյոք լավատեսությունն ազդում է, ինչպես ասում են այս և նման մյուս հետազոտությունները, սիրտ-անոթային հիվանդությունների, դրանցից վաղ մահացության կամ կյանքի ընդհանուր տևողության վրա։

med.news.am