Եթե մարդու մարմնի զանգվածը տարիքին զուգահեռ սկսում է աճել, ապա միաժամանակ նրա մոտ 30-50 տոկոսով մեծանում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման հավանականությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավստրալացի գիտնականների նոր հետազոտությունը:
Գիտնականների տվյալներով՝ մարդիկ, որոնց քաշը մինչեւ 30 տարեկանը մնացել է կայուն, իսկ դրանից հետո մեծացել է, ենթակա են քաղցկեղի զարգացման ավելի մեծ վտանգի, քան նրանք, ովքեր առողջ քաշ են պահպանել նաեւ հասուն տարիքում:
Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել Վիկտորիա նահանգի պետական կլինիկաներում 30 500 պացիենտների հետազոտությունից հետո: Պարզվել է, որ մարմնի զանգվածի ինդեքսը որքան մեծ է եղել, այնքան մեծ էր ճարպակալման հետ կապված ուռուցքային հիվանդությունների 13 տեսակների զարգացման հավանականությունը:
Մարմնի ավելորդ զանգվածը հավանականությունը մեծացնում է 30 տոկոսով, իսկ լիարժեք ճարպակալման առկայությունը՝ 50 տոկոսով: Ուստի փորձագետները խորհուրդ են տալիս սեփական քաշը վերահսկել ամբողջ կյանքի ընթացքում: