«Եթե երեխայի պատվաստումներն ուշանան, կարող է ճակատագրական լինել». Գայանե Սահակյան
Advertisement 1000 x 90

«Եթե երեխայի պատվաստումներն ուշանան, կարող է ճակատագրական լինել». Գայանե Սահակյան

«Եթե նախկինում տղաները պատվաստումները ստանում էին կենտրոնական հավաքակայանում և մեկնում էին Զինված ուժեր, ապա այդ գործընթացն այլևս չկա, արդեն Առողջապահության նախարարությունն է իրականացնում պլանային կարգով՝ ամբուլատոր պայմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում այս ժամանակահատվածը բնորոշվում է վիրուսների աշխուժացմամբ. «Այսինքն՝ բնական միջավայրն արդեն նպաստում է վիրուսների բազմացմանը: Ոչ պաշտպանված օրգանիզմներում վիրուսները շատ հեշտությամբ բազմանում են: Որպեսզի այս վիրուսների ազդեցությունը հնարավորինս մեղմվի, մենք ունենք որոշակի պատվաստումներ, որոնք եթե երեխան ժամանակին ստանա, վիրուսների ազդեցությունն այդքան մեծ չի լինի: Եթե հանկարծ ուշանան պատվաստումները, ի՞նչ կարող է լինել. ոչ բոլոր հիվանդությունների համար կարող եմ տալ այդ հարցի պատասխանը: Տարիներ շարունակ գործում է ազգային ֆոնդը, և մեր համաճարակային վիճակը բավական կայուն է: Կան հիվանդություններ, որոնց դեպքում եթե երեխայի պատվաստումներն ուշանան, ու օրացույցով ֆիքսված ժամանակահատվածում չստանա, երեխայի համար կարող է դա ճակատագրական լինել. օրինակ՝ կապույտ հազի համար եթե երեխան իր նշված տարիքում՝ 6 շաբաթականում, առաջին դեղաչափը չստանա, ու հաջորդիվ մնացած երկու դեղաչափերը չստանա մինչև 4.5 ամսական հասակը, ապա երեխայի համար դա կարող է լինել ճակատագրական: Մանավանդ այս պահին, երբ շրջանառվում են վիրուսներ»:

Նա բերեց նաև այլ հիմնավորումներ, թե ինչու է պետք, որպեսզի երեխան իր պատվաստումները ժամանակին ստանա. «Երբ երեխան ծնվում է, արդեն մորից ստանում է որոշակի պաշտպանողական մեխանիզմներ: Բայց ժամանակի ընթացքում այդ հակամարմինների մակարդակն աստիճանաբար նվազում է, գալիս է մի պահ, որ երեխան լրիվ անպաշտպան է լինում: Պատվաստումների ժամանակահատվածը հենց դրա համար է սահմանված, որպեսզի մինչև նվազի, հասնի մինիմալի, երեխայի մոտ բարձրանա իր սեփական պաշտպանվածությունը»:

Հարցին՝ պատճառը ո՞րն է, որ շատ ծնողներ հրաժարվում են պատվաստումներից՝ նշելով, որ պատվաստանյութերի որակը բարձր չէ, նա պատասխանեց. «Դա գլոբալ խնդիր է, ամբողջ աշխարհում հրաժարումների թվի մեծացում է նկատվում: Դրան նպաստում է համացանցը. ծնողը փորձում է տեղեկատվությունն առաջին հերթին համացանցից ձեռք բերել: Նախկինում այդպիսի բան չկար, մեր վստահությունը բավականին մեծ էր, և եթե ծնողին ինչ-որ հարց էր հետաքրքրում, ապա ավելի շատ փորձում էր այդ հարցի պատասխանը գտնել՝ տեղամասային մանկաբույժին դիմելով: Համացանցից ես էլ եմ օգտվում, բայց պետք է իմանալ՝ որ աղբյուրից օգտվել: Բայց մեզ մոտ այդքան էլ մեծ թիվ չեն կազմում հրաժարումները»:

Ռազմիկ Մարտիրոսյան