Շատ կանայք հավատացնում են, որ էսթետիկ գինեկոլոգիայի միջոցով նրանց կյանքի որակն էապես բարելավվել է. ազատվել են անհաղթահարելի թվացող բարդույթներից, դարձել են առավել ինքնավստահ և համարձակ, նույնիսկ՝ կարգավորվել են ընտանեկան խնդիրները: Հայաստանում ծառայության այս տեսակը դեռևս անծանոթ է շատերին: Այս մասին խոսել ենք մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանի հետ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում էսթետիկ գինեկոլոգիան և ի՞նչ տեսակի ծառայություններ է ներառում:
էսթետիկ գինեկոլոգիան կամ ինտիմ վիրաբուժությունն ամբողջ աշխարհում վաղուց արդեն լայն տարածում ունի, սակայն Հայաստանում այն դեռևս նոր է զարգանում, և շատերը նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է: էսթետիկ գինեկոլոգիան օգնում է լուծել խնդիրներ, որոնք կանանց մոտ հաճախ լուրջ բարդույթների պատճառ են դառնում: Բժշկության այս ոլորտի վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու համար ներկայացնեմ էսթետիկ գինեկոլոգիայի մեջ ներառվող ծառայությունները:
Լաբիոպլաստիկա: Սա սեռական շուրթերի չափերի փոքրացմանն ուղղված պլաստիկ միջամտություն է, որն իրականացվում է և՛ էսթետիկ, և՛ առողջական նկատառումներով: Շատ աղջիկներ սեռական հասունացման շրջանում ունենում են սեռական շուրթերի հիպերտրոֆիա (սեռական շուրթերի մեծացում), ինչի հետևանքով լողազգեստից խուսափում են, նեղ տաբատ կրել չեն կարողանում և այլն: Առողջական նպատակով լաբիոպլաստիկա արվում է, երբ կինն ունի անօրգազմիա, քանի որ սեռական շուրթերն այնքան մեծ են, որ ծածկում են ծլիկի հատվածը և կնոջ մոտ օրգազմի բացակայություն է լինում:
Հեշտոցի նեղացում: Սա նախկինում շատ լուրջ խնդիր էր: Երեխա ունենալիս կեսարյան հատումը հաճախ ընտրվում էր միայն այն պատճառով, որ այս մեթոդը չի առաջացնում հեշտոցի լայնացում, դրա արդյունքում՝ սեռական խնդիրներ: Այժմ մենք կարողանում ենք նեղացնել հեշտոցը՝ ոչ մեծ վիրահատական միջամտությամբ, որը կատարվում է տեղային անզգայացմամբ:
Անմիզապահության վերացում: Անմիզապահությունը հետծննդաբերական խնդիր է, որի ժամանակ կանայք փռշտալուց կամ հազալուց մեզի արտահոսք են ունենում: Այս խնդիրը նույնպես լուծվում է:
Օդի առկայություն սեռական հարաբերության ժամանակ: Սա նույնպես շատ տարածված խնդիր է և կանանց մոտ լուրջ բարդույթների առիթ է դառնում: Այս դեպքում կնոջ հեշտոցում օդի զգացողություն է առաջանում, այսինքն՝ անատոմիական անհամապատասխանության հետևանքով հեշտոցն ավելի լայն է լինում: Օդը ներհրվում է հեշտոցի մեջ, իսկ հետո՝ օդի դուրս գալուց, ձայն է առաջանում և դա սեռական ակտից խուսափելու պատճառ է դառնում:
Սեռական օրգանների գունաբացում: Այս դեպքում կատարվում է սեռական հատվածների գունաբացում CO2 ֆրակցիոնային լազերով:
Պլազմոլիֆթինգ: Կանանց մոտ մենոպաուզայի ժամանակ չորության հետևանքով առաջանում են ատրոֆիկ կոլպիտներ, որոնք վերածվում են պլազմոլիֆթինգի միջոցով: Քորը, մրմռոցը և բոլոր տհաճ զգացողություններն իսպառ վերանում են:
Ֆիլլերային ներարկումներ: Կատարվում է նաև սեռական շուրթերի ուրվագծային պլաստիկա: Անօրգազմիայի դեպքում G կետում իրականացվում են ֆիլլերային ներարկումներ:
Նման ծառայություններից օգտվելու ի՞նչ հակացուցումներ և ռիսկեր կան:
Հակացուցումներ են հղիությունը, պացիենտի ինֆեկցիոն ստատուսը, ՄԻԱՎ-ը, ՁԻԱՀ-ը, հեպատիտը, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը: Թյուր կարծիք է, թե կրծքով կերակրումը հակացուցում է, սակայն դա այդպես չէ: Շատերը կարծում են, թե կուսությունը խանգարում է լաբիոպլաստիկային: Ասեմ, որ դա նույնպես սխալ է:
Իսկ Հայաստանում կա՞ արդյոք նման ծառայությունների պահանջարկ:
Այո, Հայաստանում այսպիսի ծառայությունների պահանջարկը շատ մեծ է, սակայն դեռևս առկա է բարձրաձայնման խնդիր: Շատերը նախընտրում են հրաժարվել լիարժեք սեռական կյանքից, բայց չխոսել այսպիսի խնդիրների մասին՝ կարծելով, որ ամոթ է: Ամոթ զգալը չտեղեկացվածության արդյունք է:Այնուամենայնիվ, մենք ապահովել ենք բոլոր պայմանները, որ պացիենտներն իրենց հարմարավետ զգան. ծառայությունները տրամադրվում են առավելագույնս գաղտնի պայմաններում անգամ՝ պացիենտները մտնում են առանձին մուտքով:
Շուկայում կա՞ն արդյոք էսթետիկ գինեկոլոգիայի ծառայություններ մատուցող չսերտիֆիկացված հաստատություններ և եթե այո, ապա դրա հետ կապված ի՞նչ վտանգներ կան:
Ցավոք, այո, կան այդպիսի հաստատություններ և վտանգը մեծ է: Շատերը կարծում են, որ էսթետիկ գինեկոլոգիա լսելով ու միայն վերապատրաստվելով կարող են գործունեություն ծավալել: Շատ եմ հանդիպում պացիենտների, որոնց երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն է առաջանում՝ նախորդ անհաջող փորձը շտկելու համար: Շատ կարևոր է, որ ներարկվող ֆիլերները լինեն բարձր որակի և ներարկվեն համապատասխան հիմնարկում, ոչ թե օրինակ՝ գեղեցկության սրահում, ինչպես հաճախ է պատահում:
Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, որոնք ունեն խնդիրներ, բայց չեն համարձակվում դիմել մասնագետի:
Սիրե՛ք ինքներդ ձեզ, ձեր մարմինը: Ժամ առաջ ազատվե՛ք ձեզ տանջող բարդույթներից: Արե՛ք ամեն ինչ, որպեսզի ձեր կյանքը դառնա առավել հարմարավետ: Պետք է ազատվել վախերից հաղթանակների հասնելու համար: