Եթե դուք առավոտյան գլխացավով եք արթնանում, ապա դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավոտյան գլխացավերի հնարավոր մի քանի պատճառ.
Միգրեն
Քլիվլենդի գլխացավերի կենտրոնից Ջենիֆեր Քրիգլերի խոսքով՝ միգրենը հաճախ սրվում է առավոտյան ժամը 4-ի և 9-ի սահմաններում: Այդ ժամերին օրգանիզմում ավելի քիչ էնդորֆիններ և էնկեֆալիններ են արտադրվում՝ նյութեր, որոնք գործում են որպես բնական ցավազրկող միջոցներ: Բացի այդ, առավոտյան վաղ ժամերին ադրենալինի մեծ քանակություն է ազատվում, ինչը բարձրացնում է արյան ճնշումն ու կարող է գլխացավ առաջացնել:
Քնի ապնոեի համախտանիշ
Քանի ապնոեի համախտանիշ ունեցող մարդիկ քնի ընթացքում պահում են շունչը: Նման երևույթի հետևանք է դառնում թթվածնաքաղցն ու բարձր ճնշումը, ինչի հետևանքով էլ գլխացավ է առաջանում:
Շատ հետազոտողներ ապնոեն կապում են ինսուլտների, ինֆարկտների, հիպերտոնիայի, սրտի ռիթմի խախտումների, իշեմիայի թարթուն առիթմիայի հետ: Դժվար է ինքնուրույն սահմանել ապնոեն, սակայն դրան բնորոշ է հոգնածությունը, որը չի անցնում երկարատև քնից հետո:
Ատամների կրճտոց
Քնի ընթացքում ատամների կրճտոցը լարում է քունքա-ստորին ծնոտային հոդերը: Հաճախ մարդը դա չի նկատում, սակայն այդ հատկությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ առողջության համար, օրինակ, հանգեցնել ծնոտի դիրքի փոփոխությանն ու լարվածությանը, ինչը կարող է գլխացավ առաջացնել:
Ալկոհոլի օգտագործում
Ալկոհոլի մեջ միացություններ կան, որոնք ազդում են գլխուղեղում նեյրոտրանսմիտերների վրա և կարող են գլխացավեր և նույնիսկ միգրեն առաջացնել: Բացի այդ, ալկոհոլը միզամուղ միջոց է և նպաստում է ջրազրկմանը, ինչը ևս գլխացավի առաջացման ռիսկի գործոն է:
Լուրջ հիվանդություն
Որոշ դեպքերում գլխացավը կարող է խոսել լուրջ հիվանդության, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքի մասին: Նման ուռուցքներ ունեցող մարդիկ վաղ առավոտյան արթնանում են գլխացավերով, քանի որ հենց այդ ժամանակ է բարձր ցուցանիշների հասնում ողնուղեղի հեղուկի ճնշումը:
Ուռուցքի կասկած կարող է առաջանալ տեսողական կամ հավասարակշռության հետ կապված խնդիրների, ուղեղի վիճակի փոփոխությունների ախտանիշների առկայության դեպքում: