Մարքեթինգի հիմունքներ, շուկայագիտության ուսումնասիրություն ու էլի նման առարկաներ, որ մեզ սովորեցնում են համալսարաններն ու կլասիկ գրականությունը։ Վերցնում ենք այդ ամբողջ գրականությունն ու փորձում աշխատացնել ստարտափ մարքեթինգ-ում։ Չի աշխատում։ Ինչու՞։ Հիմա ասեմ։
Ստարտափները ներկայացնում են մի պռոդուկտ կամ սերվիս, որի շուկան դեռևս ձևավորված չէ։ Մրցակցային մթնոլորտը ևս լիովին սահմանված չէ, քանի որ դեռ չգիտենք, թե մեր հաճախորդների որ կարիքների կամ ցանկությունների համար ենք մրցելու։ Այս ամենից հետևում է, որ տվյալների բազա չկա, որի հիման վրա ուսումնասիրություն կամ կանխատեսում կանենք։ Եվ վերջում, որ ամենակարևորն է, ստարտափը չունի մարքեթինգային այնքան մեծ բյուջե, որ կարողանա ապավինել գովազդների կամ այլ վճարովի ծառայությունների վրա։
Հաշվի առնելով այս բոլոր պայմանները, ստարտափ մարքեթինգը մերօրյա աշխարհում վերասահմանվել է և դարձել growth hacking, բառացի՝ բիզնես զարգացման հակերություն։ Այն իրենից ներկայացնում է ստեղծարար լուծումների ամբողջություն, որ կօգնի Ձեր բիզնեսի անունը հասցնել առավելագույն թվով մարդկանց։ Growth hacking-ի կարևոր նախապայման է մինիմալ և օպտիմալ բյուջեն. որքան զրոյին մոտ բյուջե, այնքան ավելի ստեղծարար լուծումներ։
Growth hacking-ը սկսվում է ստարտափի առաջին քայլերի հետ համընթաց։ Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչ է այն իրենից նեևկայացնում։
Քայլ 1. Ստարտափ մարքեթինգ և շուկայի ուսումնասիրություն
Վերցրեք Ձեր մինիմալ կենսունակ պռոդուկտը (minimum viable product – MVP) և գնացեք մարդկանց հետ «առերես» զրուցելու։ Կախված, թե որտեղ է Ձեր շուկան, կարող եք այս «հանդիպումներն» իրականանցնել դրսում կամ օնլայն։
Որքան հնարավոր է հանրության տարբեր շերտեր ներառեք Ձեր հարցման մեջ։ Այսպիսով Դուք կհայտնաբերեք այն ԲՈԼՈՐ թիրախները, որ կհետաքրքրվեն Ձեր առաջարկով։
Այս առաջադրանքի նպատակն է՝ հասկանալ, թե մարդիկ ինչ են կարծում պռոդուկտի մասին, ինչպես է այն թեթևացնում նրանց կյանքը, ինչ պայմաններում կօգտագործեն այն ու այլ բազում տեղեկություններ, որ կօգնեն ավելի լավ պատկերացնեք Ձեր առաջարկը՝ հաճախորդների աչքերում։
Այս ինֆորմացիայի հետ մեկտեղ հարցրեք նրանց մասնագիտությունը, աշխատանքի վայրը, հետաքրքրություններն ու տարիքը։
Հավաքելով այս ողջ ինֆորմացիան՝ այն հավաքագրեք Excel կամ CSV ֆայլում՝ համապատասխանաբար վերնագրված սյունակներում։ Սա կլինի Ձեր շուկայի նախնական տվյալների բազան, որ կներառի ընդհանուր դեմոգրաֆիկ և հոգեբանական ինֆորմացիա։
Ամբողջությամբ՝ romarketing.am