Կրասնոդարից (Ռուսաստան) 52-ամյա Ի.Ե.-ն վստահ էր, որ քաղցկեղ ունի, և պատրաստվում էր Իսրայել մեկնել բուժվելու: Նույնիսկ ինքնաթիռի տոմսն էր արդեն գնել, բայց վերջին պահին կինը որոշել է լսել ևս մեկ մասնագետի կարծիքը: Նա իր ծանոթներից շատ էր լսել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Ազնար Խաչատրյանի մասին և նրա հետ խորհրդակցելու համար որոշել է գալ Հայաստան:
Այստեղ պարզվել է, որ պացիենտի մոտ ամենևին քաղցկեղ չկա, փոխարենը կա անչափ հազվագյուտ պաթոլոգիա՝ լեյոմիոմա, որը աճել էր միզուկի շրջանում, այլ ոչ արգանդում, ինչպես սովորաբար լինում է:
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Ազնար Խաչատրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ պացիենտին (որի մոտ սոմատիկ ոչ մի հիվանդություն չկար, այդ թվում՝ դիաբետ և ճարպակալում) հետազոտել են Կրասնոդարում և միզուկի շրջանում նորագոյացություն հայտնաբերել՝ դեպի միզապարկ տարածմամբ: Քաղցկեղ կասկածելով՝ պացիենտին խորհուրդ են տվել մեկնել Իսրայել՝ վիրահատվելու և քիմիաթերապիա ստանալու:
Բժիշկ Խաչատրյանը զննել է պացիենտին և հեշտությամբ շոշափել միզուկի շրջանի գոյացությունը, սակայն այն շոշափելով չարորակի բոլորովին նման չէր: Ուլտրաձայնային հետազոտությունն իր հերթին ցույց է տվել, որ 2,4×1,6 սմ չափերով նորագոյացությունը զարմանալիորեն նման է… միոմայի: Սակայն միոմաները սովորաբար աճում են արգանդի վրա կամ մեջ, բայց ոչ մի դեպքում միզուկի վրա: Ի դեպ, պացիենտի արգանդին կային մի քանի փոքր միոմաներ:
Քանի որ պացիենտի մոտ առկա էին նաև դաշտանադադարի շրջանում արյան ոչ մեծ արտադրություններ, որոշվել է առաջին հերթին կատարել հիստերոսկոպիա՝ քերուկ վերցնելով: Հիստերոսկոպիայի ժամանակ ստացած հյուսվածքների հիստոլոգիական հետազոտությունը ոչ մի շեղում ցույց չի տվել: Այդ ժամանակ սկսել են պացիենտին նախապատրաստել անսովոր նորագոյացության հեռացման վիրահատությանը:
Վիրահատությունը կատարել է «Աստղիկ» ԲԿ ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արմեն Ավոյանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա ասաց, որ նորագոյացությունը տեղակայված էր հեշտոցի, միզուկի և միզապարկի միջև: Գլխավոր դժվարությունը այն այնպես հեռացնելն էր, որ այդ ընթացքում չվնասվեն ո՛չ միզուկը, ո՛չ միզապարկը:
«Իհարկե, ցանկացած բան կարելի է հեռացնել: Բայց անհրաժեշտ է դա այնպես անել, որ պացիենտին վնաս չհասցվի: Հիմնական դժվարությունն այն էր, որ նորագոյացությունն անչափ մոտ էր միզուկին և միզապարկի վզիկին, կային նաև կպումներ, և անհրաժեշտ էր նորագոյացությունն այնպես հեռացնել, որ այս անատոմիական կառուցվածքները չվնասվեին, որպեսզի պացիենտը հետագայում խնդիրներ չունենար», – ասաց բժիշկ Ավոյանը:
Աշխատանքը դժվարեցրել է նաև այն, որ անհրաժեշտ էր նորագոյացությունն ամբողջությամբ հեռացնել, հնարավորինս «ագրեսիվ» կերպով, որպեսզի եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ այն չարորակ է, պացիենտի օրգանիզմում չարորակ բջիջներ չմնան:
Վիրահատությունը կատարել են ներհեշտոցային ճանապարհով, այսինքն հեշտոցի միջով: Պացիենտի մաշկին սպիներ չեն մնացել, իսկ վիրահատությունից մեկ օր հետո նրան հիվանդանոցից դուրս են գրել:
Թե՛ պացիենտը, թե՛ նրա բժիշկները մի քանի օր անհամբերությամբ սպասել են հիստոլոգիական հետազոտության արդյունքներին: Երբ դրանք, վերջապես, պատրաստ էին, պարզվել է, որ նորագոյացությունն իսկապես միոմատոզ հանգույց էր, այլ ոչ թե քաղցկեղային ուռուցք:
Քանի որ հետագա բուժման անհրաժեշտություն չկար, պացիենտը վերադարձել է հայրենիք։
«Սա իսկապես եզակի դեպք է՝ միոմատոզ հանգույց միզուկի շրջանում։ Ես իմ գործունեության ընթացքում նման բան չէի տեսել, և համոզված էլ չեմ, որ երբևէ նորից կտեսնեմ», – ասաց Ազնար Խաչատրյանը։
Ինչպե՞ս կարող էր միոման գոյանալ ոչ արգանդի վրա։ Ամենայն հավանականությամբ, դեռևս ներարգանդային զարգացման ժամանակ պացիենտի մոտ տեղի է ունեցել աննկատ շեղում, և մի քանի բջիջներ, որոնք պետք է կազմեին արգանդի մի մասը, մնացել են այդ օրգանից դուրս։ Նման շեղումներ, բժիշկների խոսքով, երբեմն պատահում են և սովորաբար իրենց անգամ զգալ չեն տալիս։ Իսկ այս դեպքում փոքրագույն արգանդային հյուսվածքի վրա, որը գտնվել է արգանդից դուրս, միոմա է գոյացել։
«Աստղիկ» ԲԿ բժիշկները ծրագրում են գիտական հոդված գրել այս դեպքի մասին, որը հաստատապես կհետաքրքրի այլ երկրների իրենց գործընկերներին, չէ՞ որ նման դեպքերը հազվագյուտ են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։