
Միացված լույսի ներքո քնելու սովորությունը կարող է բերել մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ կաթվածի եւ քաղցկեղի, պնդում են գիտնականները: Վտանգավոր է նույնիսկ ննջասենյակում գիշերային լամպի աղոտ լույսը:
Naked Science պարբերականը հայտնում է, որ ճապոնական Նարա քաղաքի Բժշկական համալսարանի մասնագետները հետազոտություն են կատարել 989 կամավորների մասնակցությամբ: Քնած մարդկանց կողքին 2 գիշեր անընդմեջ միացված են թողել մահճակալին կից գիշերային լամպը, որը միաժամանակ շրջված էր դեպի առաստաղ, որ լույսը չընկնի քնած մարդու վրա:
Հետազոտությունն օգնել է կապ գտնել գիշերային լուսավորության եւ աթերոսկլերոզի զարգացման միջեւ, որը գլխուղեղի եւ սրտի կաթվածների առաջատար գործոնն է:
«Մենք հստակ օրինաչափություն ենք հայտնաբերել ննջասենյակում գիշերային լուսավորության եւ աթերոսկլերոզի առաջընթացի միջեւ, որը կախված չի եղել ռիսկի հայտնի գործոններից, ներառյալ տարիքը, ճարպակալումը, ծխելը, հիպերտոնիան եւ դիաբետը»,- ասել է հետազոտողներից մեկը՝ Կենձի Օբայասին:
Գիտնականների եզրակացությամբ՝ քնած ժամանակ վտանգավոր է անգամ աղոտ լուսավորությունը: Վտանգավոր է նույնիսկ լուսնի լույսը, որը պատուհանից թափանցում է այն սենյակ, որտեղ մարդը քնած է:
Բանն այն է, որ անգամ գիշերային լամպի թույլ լույսը նվազեցնում է «քնի գլխավոր հորմոն» մելատոնինի արտադրումը: Գիշերային ժամերին օրգանիզմում մելատոնինի անբավարար խտությունը առաջացնում է բնական կենսառիթմերի խանգարումներ, որոնց պրոցեսների հետ են կապված օրգանիզմի կենսականորեն կարեւոր բոլոր ֆունկցիաները: Կենսառիթմերի խանգարումների հետ են զուգակցվում նախեւառաջ սիրտ-անոթային եւ քաղցկեղային հիվանդությունները: