Հայաստանը գրավիչ է իր բնաշխարհով. սա հայտի փաստ է: Մեր լեռնային երկրի կանաչը հիացնում է ոչ միայն հյուրերին, այլև հաճախ զարմացնում հենց տեղացիներին: Այս անձրադարձում կխոսենք հայաստանյան 5 ամենաբարձր գագաթների մասին, որոնք գրավելը կարող է նոր մարտահրավեր դառնալ Ձեզ համար:
Արագած (4090 մ.)
Արագածը գտնվում է ՀՀ արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Բնությունն այստեղ առանձնահատուկ գրավիչ է, օդը՝ մաքուր: Արագածն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:
Արագածի անվան ծագումը կապում են Արա աստծո անվան հետ. «Արա» և «գահ»՝ Արայի գահ:
Արագածի լավային քարերից բխում են բազմաթիվ աղբյուրներ: Այստեղ գոյացել են Քարի, Ամբերդի, Ումրոյ և այլ լճերը:
Արագածի լանջերին պահպանվել են հին մշակույթի մի շարք հետքեր. դրանցից են «վիշապ» կոչվող ձկնակերպ կոթողները, Ամբերը, Բյուրականը:
Կապուտջուղ (3906 մ.)
Զանգեզուրի լեռների ամենաբարձր կետը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին: Կապուտջուղի լանջերը զառիթափ ու քարափային են՝ կտրտված Ողջի ու Գիլյան գետերի հովտաձորակային ցանցով:
Կապուտջուղի գագաթնամերձ գոտին հիմնականում մերկ է, ալպյան մարգագետիններ չկան։
Կապուտջուղն ունի մի շարք այլ անվանումներ, որոնցից են՝ Գապուտճաղ, Գափուճիկ, Խափուճիգ, , Կապույտջիխ, Կափուտջիկ, Ղափուջիղ, Քափուճուխ և այլն:
Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը։ Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա. 3-1 հազարամյակներին վերագրվող հազարավոր ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում՝ մի քանի փոքրիկ լճակներ։
Գոմշասար (3724 մ.)
Մռավի լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը կազմված է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է:
Գոմշասարի գագաթին են գտնվում հայկական սահմանապահ դիրքերը: Լեռ բարձրանալն արգելվում է առանց հատուկ թույլտվության:
Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքեր, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյան բծեր։
Մեկ այլ անվանումն է Արիության լեռ:
Ծռասար (3616 մ.)
Ծռասարը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի հարավարևմտյան մասում՝ Ջերմաջրից հարավ-արևելք, Ծռասար և Մխմաթիք լեռնաշղթաների հատման կետում։
Լեռը հայտնի է նաև Մեծ Բևեռատափ և Գժասար անուններով:
Ծռասարից է սկիզբ առնում Թարթառ գետի վտակներից մեկը:
Աժդահակ լեռ
Աժդահակը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում՝ Հայաստանի Կոտայէ և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին:
Լեռան այլ անվանումներն են ՝ Գզըլտաղ, Կզըլտաղ, Ղզլըդաղ:
Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։
Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն:
Տարվա մեծ մասը ձնածածկ է։ Լանջերը լերկ են։
Գեղամա լեռների լանջերին կան նաև բազմաթիվ ժայռապատկերներ և վիշապաքարեր, որոնք վկայում են մշակութային հարուստ անցյալի մասին: