Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտրոնը վերազինվել են նորագույն սարքավորումներով
Advertisement 1000 x 90

Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտրոնը վերազինվել են նորագույն սարքավորումներով

Մարտունի քաղաքի ծննդատունը եւ բժշկական կենտրոնը իրենց տնտեսած միջոցների հաշվին ձեռք են բերել նորագույն բժշկական լաբորատոր եւ գործիքային սարքավորումներ, որոնց գործարկմամբ բարձրանում է բուժսպասարկման որակը եւ բուժհետազոտությունների արդյունավետությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նորագույն սարքավորումների աշխատանքը դիտարկելու նպատակով Մարտունու ծննդատուն եւ բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես տեղում ներկայացրեց «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, բուժհաստատությունը ձեռք է բերել ուլտրաձայնային հետազոտման սարք, որի համար տնտեսված միջոցներից հատկացվել է 9,5 միլիոն դրամ: «Նորագույն սարքավորումը հայտնաբերում է մանկաբարձական ու գինեկոլոգիական, ինչպես նաեւ երակների եւ պտղի անոթների հետ կապված հիվանդությունները, տարբեր տեսակի արատները, որոնք հնարավոր կլինի կանխարգելել ժամանակին: Այս սարքավորումը մեր հազարավոր շահառուներին հնարավորություն կտա ճշգրիտ հետազոտություններ անցնել տեղում եւ չդիմել մայրաքաղաքի բուժհաստատություններ: Մինչեւ հունվար ամիսը մենք մեր միջոցների հաշվին սպասարկումը կիրականացնենք անվճար, իսկ 2020 թվականից հետազոտությունները կիրականացվեն պետպատվերով»,-նշեց ծննդատան տնօրենը:

Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ներկայացրեց նոր ձեռք բերված իմունոհեմոլյումինեսցենտային  եւ հեմատոլոգիական  անալիզատոր սարքերի արդյունավետությունը: «Սարքավորումները  ձեռք են բերվել մեր տնտեսած միջոցների հաշվին, շուրջ 8 միլիոն դրամ արժեքով: Դրանք հնարավորություն են տալիս՝ շուրջ 300 տեսակի հետազոտություններ իրականացնելու համար: Սրանով մեր լաբորատորիայի աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրանում է ավելի քան 10 անգամ: Լաբորատոր հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռք ենք բերել նաեւ ժամանակակից բիոքիմիական անալիզատոր, որը կտեղադրենք ու կշահագործենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այս քայլերի շնորհիվ տարբեր հետազոտությունների համար մեր բնակիչները ստիպված չեն լինի դիմել մայրաքաղաքի բուժհաստատությունների օգնությանը¦,-նշեց տնօրենը:

Գնել Սանոսյանն այցելեց նաեւ թերապեւտիկ բաժանմունք, զրուցեց բուժանձնակազմի հետ, անհրաժեշտ ցուցումներ տվեց դիահերձարանի շենքային նոր պայմանների ապահովման վերաբերյալ: «Մարտունի քաղաքի երկու բուժհաստատություններն էլ շատ կարեւոր ձեռքբերում են ունեցել: Այդ նորագույն սարքավորումները, որոնք ոչնչով չեն զիջում մայրաքաղաքի առաջատար հաստատությունների սարքավորումներին, կապահովեն որակյալ բուժսպասարկում, շատ հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը կիրականացվի տեղում: Մարտունու բժշկական կենտրոնում առաջացել է նոր դիահերձարանի շենք ունենալու խնդիրը, քանի որ, կապված բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հետ, հին դիահերձարանի շենքը քանդվելու է: Բացի այդ, նոր դիահերձարանը պահանջելու է ավելի արդիական ու նորացված պայմաններ: Այդ խնդիրը մենք պետք է լուծենք հնարավորինս սեղմ ժամկետներում»,-այցի արդյունքներն ամփոփեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան