Ժամանակակից բժշկությունը կուրություն առաջացնող շատ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներ է գտնում, բայց վտանգ ներկայացնող հիվանդություններն առայժմ մեծաթիվ են: Ակնաբույժ-վիրաբույժ պրոֆեսոր Իգոր Ազնավուրյանը Medportal.ru-ի հետ զրույցում ներկայացրել է մի քանի հիվանդություններ, որոնք կարող են կուրություն առաջացնել:
Դիաբետիկ ռետինոպատիա
Կուրության պատճառների թվում առաջին տեղում է դիաբետիկ ռետինոպատիան, որը շաքարային դիաբետի ամենատարածված բարդություններից մեկն է: Դիաբետիկ ռետինոպատիան ախտահարում է ցանցաթաղանթի անոթները, մեծացնում անոթների անցանելիությունը, ինչի հետևանքով առաջանում են այտուցներ և ցանցաթաղանթում արյան զեղումներ, ինչն էլ հանգեցնում է տեսողության սրության նվազման և կուրության:
Դիաբետիկ ռետինոպատիայի բուժմամբ պետք է զբաղվեն էնդոկրինոլոգը և ակնաբույժը: Առաջինը պետք է կարգավորի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը կօգնի խուսափել բարդություններից, իսկ երկրորդն ապահովի կանխարգելում, բարդությունների ժամանակին հայտնաբերում և կոնսերվատիվ կամ վիրաբուժական բուժում:
Գլաուկոմա
Գլաուկոման աչքի վտանգավոր հիվանդություն է, որի դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը, և մահանում են տեսողական նյարդի բջիջները:
Այս հիվանդությունը երկար ժամանակ մարդու համար աննկատ է զարգանում, և նա հաճախ բժշկի է դիմում արդեն բարձիթողի փուլերում, երբ նրա մոտ արդեն զարգանում է խողովականման տեսողությունը և անհետանում է ծայրամասային տեսողությունը:
Առայժմ անհնար է գլաուկոման բուժել, ուստի այդքան կարևոր է կանխարգելումը: Անհրաժեշտ է պարբերաբար հաճախել ակնաբույժի կանխարգելիչ զննումների՝ աչքի ճնշումը չափելով: Ցանկացած խախտման դեպքում հետևել բժշկի հանձնարարականներին:
Տեսողական նյարդի ատրոֆիա
Տեսողական նյարդի ատրոֆիան աչքի բարդագույն հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում տեսողական նյարդի նյարդային մանրաթելերի ոչնչացում:
Տեսողական նյարդի ատրոֆիան երկար ժամանակ անբուժելի էր և կուրություն էր առաջացնում, բայց այսօր, եթե ատրոֆիան մասնակի է և կան կենսունակ մնացած մանրաթելեր, տեսողության մնացորդը կարելի է փրկել: Ճիշտ է, այլևս անհնար է այն բարելավել:
Ռետինոբլաստոմա
Ռետինոբլաստոման աչքերի ուռուցքային հիվանդություն է, որը կարող է առաջանալ երեխայի կյանքի առաջին ամիսներին կամ տարիներին և երկար ժամանակ չդրսևորվել: Հիվանդության ժամանակ մարդու լուսանկարում ախտահարված աչքի բբում նկատվում է կանաչավուն լուսարձակում, և հաճախ հիվանդությունն ախտորոշում են հենց ըստ լուսանկարների: Նման բան նկատելիս անհրաժեշտ է անմիջապես բժշկի դիմել:
Եթե հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի, բուժումն ավելի արդյունավետ կլինի, անգամ ախտահարված աչքը փրկելու հնարավորություն կլինի: Իսկ բուժման բացակայության դեպքում ուռուցքի մետաստազները ուղեղ և թոքեր կարող են բերել մահվան:
Մելանոմա
Մելանոման ևս մեկ ուռուցքային հիվանդություն է, որը կարող է տեսողությունից զրկել: Մելանոման սովորաբար առաջանում է մաշկին, բայց երբեմն ախտահարում է նաև աչքերը՝ բիբը, ծիածանաթաղանթը կամ սկլերան՝ ակնախնձորի սպիտակապատյանը: Չափազանց դժվար է մելանոման նկատել, գուցե հնարավոր լինի տարբերակել աչքի վրա պիգմենտային բիծը կամ կետը: Այս դեպքում նույնքան անհրաժեշտ է անմիջապես դիմել ակնաբույժի, քանի որ ժամանակին հայտնաբերելը, ինչպես նախորդ դեպքում, կարող է փրկել ինչպես աչքը, այնպես էլ կյանքը: