Հայաստանում մարդիկ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում ատամների և բերանի խոռոչի առողջության պահպանմանը. ԱՄՆ-ում ատամների առողջությունը և գեղեցկությունն առաջնահերթ են մարդկանց մեծամասնության համար, բայց նույնը չի կարելի ասել շատ այլ երկրների, այդ թվում Հայաստանի մասին։ Այսպիսի կարծիք է հայտնել NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ատամնաբույժ Ջանեթ Չանգը (ԱՄՆ)։
Բժիշկ Չանգը երկու անգամ եկել է Հայաստան բարեգործական բժշկական առաքելության շրջանակում։ Աշխատելով հայ պացիենտների հետ՝ նա նկատել է, որ այստեղ շատ մարդիկ ոչ միայն անհրաժեշտ լրջությամբ չեն վերաբերվում ատամների առողջությանը, այլև անգամ գիտելիքներ չունեն այն մասին, թե ինչն է ազդում ատամների վիճակի վրա (օրինակ, սնունդը, համակարգային հիվանդությունները, հիգիենան) և ինչպես է պետք է խնամել դրանք։
Ատամների առողջության պահպանման համար մասնագետը խորհուրդ է տալիս հայերին սահմանափակել շաքարի և արագ ածխածինների քանակը սննդաբաժնում։ Եթե շատ մեծ է քաղցր ուտելու ցանկությունը, ավելի լավ է դա անել արագ և անմիջապես. եթե դանդաղ ու քիչ-քիչ ուտես, ատամներն ավելի երկար ժամանակ կենթարկվեն շաքարի ազդեցությանը և ավելի շատ կտուժեն։
Սուրճի և հյութերի սիրահարներին, ինչպես քաղցր, այնպես էլ թթու, մասնագետը խորհուրդ է տալիս միշտ դրանք խմել ջրով, դա կօգնի մի փոքր պաշտպանել ատամները շաքարի և թթվի ազդեցությունից։
Մասնագետի խոսքով՝ ատամների առողջության համար ավելի օգտակար է բնական, չվերամշակված սնունդը՝ բանջարեղեններ, ձավարեղեն, կարելի է և միս։
Երեխաներին մասնագետը խորհուրդ է տալիս չվարժեցնել քաղցրեղենների վաղ տարիքից և ոչ մի դեպքում երեխաներին չխրախուսել քաղցրով լավ վարքի կամ մեկ այլ բանի համար. այդ գործելակերպը վնասակար է ե՛ւ անառողջ սննդային սովորությունների ձևավորման, ե՛ւ ատամների ու բերանի խոռոչի առողջության տեսակետից։
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս վաղ տարիքից երեխաներին տանել ատամնաբույժի մոտ, անգամ եթե նրանք ոչ մի խնդիր չունեն։ Եթե երեխան վարժվում է նստել աթոռին և թույլ է տալիս բժշկին զննել իր ատամները, երբ բուժման կարիք ունենա, նա իրեն ավելի հանգիստ ու ադեկվատ կպահի։