Այսօր մեզ համար ինչ-որ մի բան գրի առնելը վայրկյանների հարց է. եթե տվյալ պահին մեր ձեռքում թուղթ կամ գրիչ էլ չկա, ապա նորագույն տեխնոլոգիաներն իրենց հետ միշտ ունեն թե՛ մեկը և թե՛ մյուսը:
Սակայն հետաքրքիր է՝ դարեր առաջ ի՞նչ էին անում մարդիկ առանց գրի, և ինչպե՞ս զարգացավ գրատպությունը:
Դեռևս 5000 տարի առաջ շումերները ստեղծեցին առաջին գրային համակարգը՝ բաղկացած պատկերագրերից. վերջիններիս միջոցով էին միայն նրանք կարողանում իրենց միտքը գրի առնել:
Ո՞Վ Է ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԸ
Յոհան Գութենբերգ
Տպագրության հիմքը դրել են չինացիները մոտ 2000 տարի առաջ: Նրանք փայտի վրա ձևավորել են ուռուցիկ տառեր, դրանք թանաքապատել և վերջում ամրացրել թղթին: Իսկ արդեն ժամանակակից տպագրության հիմնադիրը գերմանացի Յոհան Գութենբերգն է, ով 1440-ականներին ստեղծեց տպագրական առաջին մեքենան՝ դառնալով Եվրոպայի առաջին տպագրիչը:
Ա՜Խ, ԱՅԴ ԿԵՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ
Միջնադարյան վանականների ու գրիչների շրջանում գրելն աննախընթաց զարգացում էր ապրում: Նրանք ստեղծել են զարդանախշ ձեռագրեր, որոնց ընթերցումը դյուրացնելու նպատակով բառերի միջև արանք էին թողնում: Շուտով նաև սկսեցին օգտագործել մեծատառեր և փոքրատառեր, կետադրական որոշ նշաններ, որոնք սկզբնական շրջանում միայն ստորակետն ու վերջակետն էին:
ԳՐԱՄԵՔԵՆԱՆԵՐԻ «ԲՈՒՄԸ»
1874 թվականին վաճառքի հանվեց առաջին գրամեքենան՝ ամերիկացի գյուտարար Քրիսթոֆեր Լեթեմ Շոուլզի գյուտը: Կային ենթադրություններ, որ այդ մեծ գյուտը մարդկանց կյանքում մեծ հեղափոխություն կիրականացնի, սակայն տեղի ունեցավ հակառակը. շատ հոգեբաններ հայտարարեցին, որ դրա օգտագործումն ուղղակի կխենթացնի մարդկանց: Սակայն տարիները ցույց տվեցին, որ գրամեքենան իրոք դարձավ տառերի հետ ամենօրյա հարաբերություն ունեցող մարդկանց անբաժան ընկերը:
Իսկ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վեպը դարձավ գրամեքենայով շարադրված առաջին գրական գործը:
Քրիսթոֆեր Լեթեմ Շոուլզը և առաջին գրամեքենան
ԹՂԹԻ ԱՄՐԱԿԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԻԱՅՆ 20-ՐԴ ԴԱՐՈ՞ՒՄ
Բավականին զարմանալի է, բայց թղթի՝ բավականին պարզ ամրակները ստեղծվել են 1900 թվականին՝ Նորվեգիայի գյուտարարական գրասենյակներից մեկում աշխատող Ջոն Վաալարի ձեռքով: Նախքան այս կարևոր մանրուքների ի հայտ գալը մարդիկ թղթերն ամրացնում էին գնդասեղներով կամ թղթի էջերի անկյուններին ժապավեններ փակցնում:
Ո՞Վ ՍՏԵՂԾԵՑ ԱՌԱՋԻՆ ԳՆԴԻԿԱՎՈՐ ԳՐԻՉԸ
1938 թվականին հունգարացի լրագրող Լադիսլաո Բիրոն ստեղծեց առաջին գնդիկավոր գրիչը, որն ուներ արագ չորացող թանաք, իսկ ծայրին՝ շարժական փոքր գնդիկ, որի շնորհիվ էլ թանաքը միջուկից հավասարաչափ էր հոսում թղթի վրա՝ այդպես ապահովելով ձեռագրերի մաքրությունն ու կոկիկությունը:
Գնդիկավոր գրիչի հայրը՝ Լադիսլաո Բիրոն
ՄԱՏԻՏԻ ՆԵՐՔԻՆ ԱՇԽԱՐՀԸ
Մատիտի միջուկը գրաֆիտից և կավից պատրաստված խառնուրդ է: Հետաքրքիր է, որ այսօր այդքան մեծ կիրառություն ունեցող մատիտը հայտնագործվել է երկու անգամ: 1795-ին ավստրիացի Հարդմութը և ֆրանսիացի Նիկոլաս-Ժակ Կոնտեն իրարից անկախ հայտնագործեցին մատիտը:
ՖԼՈՄԱՍՏԵՐՆԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1960 թվականին ճապոնացի գյուտարար Յուկիո Հորին հույս ուներ, որ փափուկ ծայրով «գրիչը» մարդկանց ձեռագիրն էլ ավելի նրբագեղ կդարձնի, ինչպես, վրձնախաղերը՝ ճապոնական գրի մեջ: Հենց այդ նպատակով էլ ստեղծվեցին առաջին ֆլոմաստերները, որոնք առաջին անգամ վաճառքի հանվեցին 1962-ին Ճապոնիայում: Սակայն հարկ է խոստովանել, որ Յուկիո Հորիի գյուտն էլ շատերիս ձեռագրերի դեպքում եղավ անօգուտ: