
Ուռուցքային բջիջներում պարունակվում են մեծ քանակությամբ արտաքրոմոսոմային ԴՆԹ-ի օղակաձև մոլեկուլներ, որոնք առանցքային դերակատարում ունեն բուժմանը դիմադրելու քաղցկեղի ունակության մեջ: Այս մասին հայտնում են Սան Դիեգոյում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:
MedicalXpress-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ մասնագետները օղակաձև ԴՆԹ-ի անալիզ են կատարել սեքվենիրացման միջոցով, որը հնարավորություն է տալիս պարզել մոլեկուլի նուկլեոտիդային հաջորդականությունը և ըստ դրա վերականգնել ԴՆԹ-ի արդեն եռաչափ կառուցվածքը, ինչպես նաև էներգետիկ կարգավորման պատկերը, որն ազդում է գեների ակտիվության վրա:
Պարզվել է, որ քաղցկեղային ուռուցքներում օղակաձև ԴՆԹ-ն բարձր ակտիվություն ունի և նպաստում է աճի գործոնների ու այլ միացությունների սինթեզին, որոնք էլ նպաստում են ուռուցքների զարգացմանը: ԴՆԹ-ի նման ձևը տիպական չէ մարդկային բջիջներին և ավելի շատ հիշեցնում է բակտերիաների ԴՆԹ-ն: Հենց այսպիսի ԴՆԹ է հայտնաբերվում քաղցկեղի 50 տոկոս դեպքերում:
Անցյալում տարածված կարծիք կար, որ արտաքրոմոսոմային ԴՆԹ-ն հազվադեպ է հանդիպում, բայց 2014 թվականին Փոլ Միշելը և նրա գործընկերները հայտնաբերել են, որ ԴՆԹ-ն կենտրոնական դերակատարում ունի գլխուղեղի որոշ ուռուցքների դեղորայքային կայունության մեջ: Արատավոր բջջի կիսվելու ժամանակ դուստր բջիջները ստանում են քաղցկեղածինների միանգամից մի քանի կրկնօրինակներ, ինչը նրանց համար արագ էվոլյուցիա և կենսունակություն է ապահովում: Սա տարբերվում է սովորական միտոզից, որի դեպքում տեղի է ունենում միայն քրոմոսոմների պատճենում: