Երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Ֆրանց Շուբերտը: Նրա զգալի նշանակության մասին խոսելիս թերևս միայն բավական է նշել, որ հանճարեղ երաժիշտն իր կարճատև կյանքի ընթացքում գրեց 603 երգ, սակայն մյուս 602-ից միանշանակ առանձնանում է մեկը՝ «Ավե Մարիան»:
Ավե Մարիա՜
Շուբերտը ծայրաստիճան խստապահանջ էր իր յուրաքանչյուր ստեղծագործության նկատմամբ: Թեպետ ապրում էր անասելի աղքատության մեջ, և թղթի վրա ստեղծագործելը շատ անգամ նրա համար երանություն էր, սակայն առանց ափսոսալու ոչնչացնում էր իր գրչի տակից դուրս եկած այն ամենը, ինչ իրեն դուր չէր գալիս:
Մի անգամ Շուբերտը, նստած իր գրասեղանի մոտ, իր երգերն էր վերանայում: Այդ րոպեին ընկերները աննկատ ներս են մտնում, լուռ կանգնում նրա թիկունքում, աչքները՝ նոտայագրված մի թերթի, որի անկյունում գրված էր «Ավե Մարիա»: Շուբերտը, տեսնելով ընկերներին, սեղանի վրայից անշտապ վերցնում է թուղթը, ճմռթում այն և գցում աղբարկղը: Դուրս գալու պահին ընկերներից մեկը աղբարկղից աննկատ հանում է ճմռթված թուղթն ու պահում իր մոտ:
Անցնում են օրեր:
Մի կիրակի էլ Շուբերտի ընկերները գալիս են՝ հեղինակին իրենց հետ եկեղեցի տանելու: Հեղինակն անսպասելիորեն զարմանում է, երբ նկատում է կիրակնօրյա պատարագի եկած հոծ բազմությունը: Պատարագի կեսից երաժշտությունը մի պահ ընդհատվում է, և լռության ծովում հանկարծ հնչում է Տիրամորն ուղղված մի հոգեպարար մեղեդի: Ասես մի անհայտ ուժի հրամանով ողջ դահլիճը ոտքի է կանգնում, ձեռքները կրծքներին՝ ունկնդրում աստվածային մեղեդին ու լուռ աղոթք մրմնջում: Շուբերտն ապշած էր. չգիտեր՝ զարմանա՞լ, թե՞ հավատալ գերբնական հրաշքին: Չէ որ դա իր իսկ գրած «Ավե Մարիան» էր, որ ինքն էր իր ձեռքով աղբը նետել:
Եվ միայն տուն վերադառնալիս է պարզվում այդ գաղտնիքը․․․
Ընկերները, երգի նոտաները հանձնել էին եկեղեցու երգչախմբի ղեկավարին՝ Տիրամորը նվիրված ամենաշքեղ երգը հավիտյան փրկելով կործանումից:
Ցայսօր Շուբերտի «Ավե Մարիան» անմրցելի է Մարիամ Աստվածածնին նվիրված բազում երգերի շարքում:
1828-ի նոյեմբերին Ֆրանց Շուբերտը հիվանդացավ տիֆով: Նա ընդամենը 31 տարեկան էր, բայց արդեն զգում էր մահվան սառը շունչը: Եվ իսկապես. նույն թվականի նոյեմբերի 19-ին Տիրամայր գովերգողը ընդմիշտ փակեց աչքերը՝ այլևս վերևից լսելու իր հանճարեղ «Ավե Մարիան»:
Վիեննայի գերեզմանոցի համեստ մի տապանաքարի վրա գրված է.
Ֆրանց Շուբերտ
(1797-1828)
Մահն այստեղ թաղել է մի անգին գանձ,
Եվ որ ավելի ցավալի է՝ գեղեցիկ հույսեր…