Հայաստանի ամենաբարձր օդանավակայանը գտնվում է Ջերմուկում՝ 2070 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձր քաղաքացիական աերոդրոմի բարձրությունը 4411 մ է): Սակայն Ջերմուկի կառույցը միայն իր բարձրությամբ չէ յուրօրինակ: Պատկերացրեք, որ դրա թռիչքուղու հյուսիսային ծայրը 45 մետրով բարձր է հարավային ծայրից: Այլ կերպ ասած՝ Ջերմուկի վազքուղին բավականին թեք է, ինչը կարելի է նկատել նաեւ անզեն աչքով:
Օդանավակայանի զարգացումն ու անկումը
Օդանավակայանի վերջին պետ, 70-ամյա Մելսիկ Առաքելյանը պատմում է, որ, իր հիշելով, այն գործարկվել է 1956-ից: Սկզբնական հատվածում վազքուղին գրունտից էր, այստեղ ժամանում էին 12 հոգու համար նախատեսված «Ան-2» ինքնաթիռներ, որոնք ժողովրդի շրջանում առավել հայտնի են իբրեւ «Կուկուռուզնիկ»: Երբեմն նաեւ ուղղաթիռներ էին թռչում Ջերմուկ:
Մելսիկ Առաքելյանը
Մ. Առաքելյանը, ով ծնունդով Վեդու նախկին շրջանի Լուսաշող գյուղից է, 6 տարեկանից ապրում է Ջերմուկում, դպրոցն ավարտելուց հետո սովորել է Կիրովոգրադի թռիչքային պատրաստության բարձրագույն դպրոցում՝ ստանալով թռիչքների ղեկավարի որակավորում: Այնուհետեւ իր մասնագիտությամբ 1,5 տարի աշխատել է Եղեգնաձորի օդանավակայանում, իսկ 1971-ի հունիսից գործի անցել Ջերմուկում կրկին որպես թռիչքների ղեկավար:
1966-ին Ջերմուկում կառուցվել է օդանավակայանի շենք, որը կանգուն է մինչ օրս: Սակայն դրանից հետո էլ դեռ 10 տարի վազքուղին գրունտից էր, ինչը նշանակում էր, որ այն կարող էր օգտագործվել հիմնականում «Ան-2»-ների կողմից:
Օդանավակայանի շենքը Երևան-Ջերմուկ մայրուղու կողմից
Ամբողջությամբ՝ hetq.am