Ինչո՞ւ է էպիդուրալ անզգայացումից հետո մեջքը ցավում և կանցնի՞ երբևէ այդ ցավը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է էպիդուրալ անզգայացումից հետո մեջքը ցավում և կանցնի՞ երբևէ այդ ցավը

Ծննդաբերության կամ վիրահատության ժամանակ էպիդուրալ անզգայացման ենթարկված որոշ պացիենտներ սկսում են բողոքել մեջքի ցավից։ Ինչո՞ւ է անզգայացումից հետո մեջքը ցավում։ և կանցնի՞ երբևէ այդ ցավը։ Այս հարցերը պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց անեստեզիոլոգ Ալեքս Ջոնը (ԱՄՆ), որը Հայաստան է եկել բարեգործական առաքելության շրջանակներում։

Մասնագետի խոսքերով, էպիդուրալ անզգայացումից հետո մեջքի ցավեր, իրոք, լինում են։ Այդ անզգայացման ժամանակ օգտագործվող ասեղը մի քիչ մեծ և բարակ է, քան այն ասեղը, որն օգտագործում են, ասենք, ողնաշարի անզգայացման դեպքում։ Պրոցեդուրայի ժամանակ անեստեզիոլոգը սրսկում է կատարում և ցավազրկող նյութ է ներարկում ողնաշարի և ողնուղեղի թաղանթի միջև տարածքի մեջ, որից հետո պացիենտը դադարում է ցավ զգալ ներարկման տեղից ներքև հատվածում, ինչպես նաև ժամանակավորապես չի կարողանում շարժել ոտքերն ու զգալ մաշկի հետ շփումը կողոսկրերից ներքև։

Ինչպես ասաց Ջոնը, անեստետիկը սովորաբար ավելի հեշտ է ներարկել նիհար մարդկանց։ Իսկ, ահա, եթե մարդը շատ մկաններ ունի, անեստեզիոլոգը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ջանք թափել, որպեսզի ասեղը անհրաժեշտ տեղը մտցնի։ Երբեմն այդ ժամանակ հարևան հյուսվածքները մի քիչ վնասվում են, և դա կարող է հետագայում ոչ ուժեղ ցավի զգացում առաջացնել։

Լավ նորություն է այն, որ այդ ցավերը, ինչպես նշեց մասնագետը, բոլորովին էլ անընդհատ չեն՝ որոշ ժամանակ անց դրանք անցնում են ծակելու տեղի վերականգնման հետ միասին։ Իսկ եթե ցավերը երկար ժամանակ չեն անցնում, դրանք, ամենայն հավանականությամբ, այլ պատճառ ունեն և անզգայացման հետ կապված չեն։

med.news.am