Գիշերային մղձավանջները կարող են իրականում օգտակար լինել, ինչպես վստահեցնում են Ժնևի համալսարանի նյարդաբանները։ Նրանց խոսքերով, մղձավանջները մարզում են նյարդային համակարգը և պատրաստում նրան հնարավոր սթրեսային իրավիճակների։
ՏԱՍՍ-ը նշում է, որ գիտնականները կարծում են, թե երազները իդեալական գործիք են, որոնք թույլ են տալիս հաղթահարել բարձր տագնապայնությունը։ 18 կամավորների մասնակցությամբ փորձաքննության ընթացքում գիտնականները հետևել են քնած ժամանակ նրանց ուղեղի ակտիվությանը։ Գիշերվա ընթացքում մի քանի անգամ կամավորներին արթնացրել են, որպեսզի պարզեն, թե արդյոք նրանք մղձավանջներ են ունեցել։
Գիտնականների ուշադրությունը գրավել են ուղեղի երկու հատվածները, որոնք կապված են քնի մեջ վախի զգացողության հետ։ Դրանք են կղզյակի հատվածը և առջևի գոտկային կեղևը։ Կղզյակի հատվածը մասնակցում է նաև արթնանալիս զգացմունքների գնահատմանը և պարբերաբար ակտիվանում է վախի զգացման ժամանակ։ Իսկ առջևի գոտկային կեղևը մասնակցում է սպառնալիքի արձագանքմանը օրգանիզմի պատրաստելուն։
Գիտնականները կատարել են նաև երկրորդ փորձը, որին մասնակցել է 89 մարդ։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանցից պահանջվել է առավոտյան ֆիքսել երազները և ապրված զգացմունքները։ Այնուհետև կամավորներին ցույց են տվել բռնության կամ տարերային աղետի պատկերներ։ Սովորական ժամանակ այդ պատկերները բացասական զգացումներ կառաջացնեին։ Սակայն որքան ուժեղ է եղել երազի մեջ ապրած վախը, այնքան ավելի քիչ է կամավորների մոտ ակտիվացել կղզյակային հատվածը և գոտկային կեղևը, այսինքն մարմինը չի պատրաստվել սթրեսի։