Մեր բնակարաններում և տներում վտանգավոր ստաֆիլոկոկեր կան
Advertisement 1000 x 90

Մեր բնակարաններում և տներում վտանգավոր ստաֆիլոկոկեր կան

Տան միջավայրը շատ հարմար է առանձնապես վտանգավոր մանրէների տարածման համար, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ։ Այս մասին նախազգուշացնում են Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները։

Նրանց խոսքով՝ այդ մանրէները վարակում են մարդկանց և ընտանի կենդանիներին, իսկ վարակը կանխել կարելի է հզոր վարակազերծիչ միջոցների օգնությամբ։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունը, գիտնականները հետազոտել են ռունգներից, թևատակերից և աճուկներից վերցված նմուշներ։ Այդ մարդիկ ապրել են տներում, որտեղ նաև երեխաներ են եղել, որոնք ստաֆիլոկոկից բուժում են ստացել 2012-2015 թվականներին։ Հետազոտել են 692 մարդու։ Բացի այդ, գիտնականներն ուսումնասիրել են ընտանի կենդանիներից ու տարբեր մակերեսներից վերցված նմուշներ։ Մարդկանց կեսի և ընտանի կենդանիների մեկ երրորդի մոտ հայտնաբերել են ստաֆիլոկոկ։

Այս մանրէն գտնվել է նաև սառնարանի դռների բռնակներին, լվացարանին, խոհանոցի և լոգարանի սեղանիկներին, սավաններին, սրբիչներին, անջատիչներին, հեռախոսներին, տեսախաղերի կոնտրոլերներին, ինչպես նաև համակարգչի ստեղնաշարին և մկնիկներին։

Սովորաբար, այդ մանրէները փոխանցվում են մարդուց մարդուն, բայց որոշ դեպքերում հենց միջավայրն է եղել վարակի միակ աղբյուրը։ Դա բացատրում է այն, թե ինչու նրանք, ովքեր բուժվել են վարակից, այդքան հաճախ են ռեցիդիվներ ունենում։

Գիտնականների խոսքով, եթե ձեռքերը հաճախ լվանանք օճառով զուգարանից հետո, կերակուր պատրաստելուց առաջ և երեխայի տակդիրը փոխելուց հետո, դա կնվազեցնի ստաֆիլոկոկի տարածման ռիսկը։ Ռիսկի նվազմանը նպաստում են նաև ցնցուղ ընդունելը (բայց ոչ լոգարանի) և ատամները լվանալը օրը երկու անգամ։

med.news.am